2021 թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Վեց համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեկում` մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի, իսկ երկուսում՝ միաժամանակ՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
«Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել բոլոր 6 համայնքներում, որտեղ ընթացել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ.
Մարզ | Համայնք | Տարածքային ԸՀ | Բնակավայրերի քանակ | Ընտրողների քանակ |
---|---|---|---|---|
Շիրակ | Գյումրի | 31 | 1 | 123.115 |
Սյունիք | Գորիս | 34 | 13 | 22.262 |
Տավուշ | Դիլիջան | 38 | 7 | 20.367 |
Սյունիք | Մեղրի | 35 | 15 | 8.870 |
Սյունիք | Տաթև | 34 | 8 | 4.475 |
Սյունիք | Տեղ | 34 | 7 |
4.054 |
Նախընտրական ժամանակահատվածի գործընթացները դիտարկելու նպատակով «Ականատես»-ը ներգրավել է 4 երկարաժամկետ դիտորդ, որոնք ուսումնասիրել են ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, քաղաքական ուժերի և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդները տեղերում աշխատել են ընտրական հանձնաժողովների, թեկնածուների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով: