ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում երեկ ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին։ Նա նշել է, որ թեպետ Հայաստանը բռնել է ժողովրդավարության ճանապարհը, սակայն շատ հաճախ փոփոխությունների օրակարգը դանդաղ է կյանքի կոչվում օբյեկտիվ պատճառներով։ Առանցքային խոչընդոտ են 2020 թ․-ի 44-օրյա պատերազմը, Ադրբեջանի պարբերական հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, այդ համատեքստում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։ Կարևոր է, որ ԵԱՀԿ անդամ պետությունները հստակ գնահատական տան այս գործողություններին, և պատերազմական հանցագործություններ կատարած պետության համար լինեն կոնկրետ իրավական հետևանքներ։