Ադրբեջանի գործողությունները եղել են համակարգված

02.07.2024

Հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում հրապարակվեց «Ինչո՞ւ ԼեռնայինՂարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

Զեկույցին նվիրված պանելային քննարկման բանախոսները հենց այս կազմակերպություններից էին.

Արփի Հարությունյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Արդարադատության եւ մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար

Անտոն Իվչենկո, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ծրագրերի համակարգող

Աննա Մելիքյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի

ծրագրի համակարգող

Բրիջիթ Դյուֆուր, «Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության տնօրեն

Գենյա Պետրոսյան, «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի» տնօրեն

Քննարկման մոդերատորը Էյմի Չենն էր՝ Freedom House-ի Հայաստանի ծրագրերի ղեկավարը։

ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների, մասնավորապես բավարար կենսամակարդակի իրավունքի խախտումներին։

Նա շեշտեց, որ Լաչինի միջանցքի փակումը չպետք է դիտարկել որպես առանձին դրվագ, իսկ դրանով պայմանավորված խախտումները՝ զուտ դրա հետևանք. «Իրականում տեսնում ենք, որ սա շատ պլանավորված, համակարգված, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության ուղղակի մի բաղադրիչն է՝ զուգորդված այլ գործողություններով»։ Շարունակելով՝ Պետրոսյանը ասել է, որ այս քաղաքականությունը ըստ էության հանգեցրել է հետագա հետևանքներին՝ ԼՂ հայաթափում, հայ բնակչության վտարում տարածքից և պատմական և մշակութային ներկայության վերացում։ Նա ուշադրություն է հրավիրել այնպիսի համակարգված գործողությունների վրա, ինչպիսիք են խաղաղ բնակչության նկատմամբ պարբերական հարձակումները, ահաբեկումները, սպանությունները, կենսական ենթակառուցվածքների վնասումները, գյուղատնտեսական աշխատանքների խաթարումը, համատարած իրավունքների խախտման դեպքերը և բռնի տեղահանման գործողությունները։

Հայ բնակչությանը ահաբեկելու և նվազագույն կենսապայմաններից զրկելու Ադրբեջանի գործողությունները սկսել են դեռ շատ ավելի վաղ, քան շրջափակումը։ 2020 թ.-ի պատերազմի ավարտին հաջորդող եռակողմ հայտարարությունից ի վեր տեղի են ունեցել սպանություններ, խաղաղ բնակիչների և բնակավայրերի թիրախավորում, ապատեղեկատվության, խուճապի տարածում։ Բնակիչների հարցազրույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների նկատմամբ հստակ, հետևողական գործողություններ են կատարել։ 

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրավունքի խախտումներին, ապա հարկ է նշել, որ այն ուղեկցվել է գազամատակարարման անջատումներով, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, կապի պարբերական խաթարումներով։ 

Պետրոսյանը խոսել է նաև առաջացած պարենի խնդրի մասին՝ նշելով, որ, ըստ հարցազրույցների, կտրոնային համակարգը արդյունավետ չի գործել, քանի որ եթե սկզբնական շրջանում հնարավոր էր դրանցով սնունդ ձեռք բերել, ապա հետագայում արդեն դրանք պիտանի չէին. խանութներում ապրանքը սպառված է եղել։ Շատ կարճ ժամանակ անց խանութները դատարկվել են, սնունդ չի եղել, ապրանքները կտրուկ թանկացել են, իսկ գյուղերից ապրանք ձեռք բերելը դժվար է եղել՝ պայմանավորված վառելիքի սղությամբ։ 

Վանքի բնակիչներից մեկը հայտնել է փաստահավաք առաքելությանը, որ ինքը և ամուսինը երկու ամիս շարունակ շրջափակման ընթացքում հաց չեն կերել, որպեսզի խնայեն երեխաների համար։

Գենյա Պետրոսյանը նշել է. «Շրջափակման ընթացքում վիժումների թիվը գրեթե  եռապատկվել է, հղի կանանց շրջանում սակավարյունության դեպքերը հասել են 90 տոկոսի, ուշագնացության եպքերի թիվը 91%-ով աճել է։ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկը հայտնել է, որ կտրուկ ավելացել են վաղաժամ ծննդաբերությունները։ Մոր  թերսնման պատճառով երեխաները ծնվել են փոքր քաշով, նաև ունեցել են խրոնիկ հիպոքսիա՝ պայմանավորված մոր սակավարյունությամբ»։ 

Փաստահավաք առաքելությունը արձանագրում է, որ շուրջ ինը ամիս տևած շրջափակման ընթացքում 120000 մարդ զրկվել է կենսական պայմաններից, մատնվել սովի, ենթարկվել զրկանքների, խախտվել են հիմնարար իրավունքներ։  Այդ բնակչությունից 2000-ը հղի կանայք էին, 30000-ը՝ երեխաներ, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 20000-ը՝ տարեցներ։ 

«Ի վերջո փաստահավաք առաքելությունը հանգում է այն եզրակացությանը, որ այս բոլոր գործողությունները համակարգված միտված էին Արցախի բնակչությանը կյանքի այնպիսի պայմանների պարտադրմանը, որոնք կդարձնեին անտանելի կամ ժամանակի ընթացքում կբերեին հայ բնակչության ոչնչացմանը տվյալ տարածքում կամ ուղղակի կդարձնեին անհնարին հետագա մնալը կամ գոյատևելը», - ամփոփել է Պետրոսյանը։

Հարկադիր կատարում և վարչական դատավարություն՝ «Ձեր փաստաբան»-ի եթերում

21.10.2024
«Ձեր փաստաբանը» հաղորդման եթերում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրների վերաբերյալ հետազոտությամբ վեր հանված խնդիրներից և առաջարկվող լուծումներից։  «Մենք այս հետազոտությամբ անդրադարձել ենք նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթին առնչվող խնդրահարույց կետերին, որոնք անհամաչափ սահմանափակում են քաղաքացիների իրավունքները, և հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրներից, որոնք արդիական են ինչպես գործող, այնպես էլ նոր ընդունված օրենսդրության շրջանակներում»,- նշել է Պետրոսյանը։

Կալանավայրերի խնդիրները համակարգային են. ասուլիս

10.09.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է քրեակատարողական հիմնարկների խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսին։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Ասուլիսի առիթը «Նուբարաշեն» ՔՀԿ-ի հրատապ խնդիրներն են, որոնց մասին բարձրաձայնել էին որոշ կալանավորներ։ Ըստ Գյուրջյանի՝ խնդիրների գերակշիռ մասը համակարգային բնույթ ունի

Աշխատանքային իրավունքը՝ ուշադրության կենտրոնում

10.07.2024
Հունիսի 28-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին՝ ներկայացնելով աշխատանքային իրավունքի ոլորտում կատարված կարևոր փոփոխությունները և դեռևս առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ կարիք կա աշխատելու։ Պետրոսյանը քաղաքացիական հասարակության և պետական մարմինների համագործակցությունը գնահատել է դրական՝ նշելով, որ մի շարք առաջարկություններ ընդունվել են հենց նախնական տարբերակից վերամշակված տարբերակ անցում կատարելու փուլում. այդ ընթացքում կային հետընթաց կարգավորումներ, որոնք վերացվեցին։

Ադրբեջանի գործողությունները եղել են համակարգված

02.07.2024
Հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում հրապարակվեց «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։ ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների, մասնավորապես բավարար կենսամակարդակի իրավունքի խախտումներին։ Փաստահավաք առաքելությունը եզրակացնում է, որ այս բոլոր գործողությունները միտված էին Արցախի բնակչությանը կյանքի այնպիսի պայմանների պարտադրմանը, որոնք կդարձնեին անտանելի կամ ժամանակի ընթացքում կբերեին հայ բնակչության ոչնչացմանը:

Ֆիրդուսի թաղամասի տների գործով՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները

16.04.2024
Ապրիլի 11-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանն ու Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի հետ մասնակցել են «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» խորագրով մամուլի ասուլիսին: Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի և այլ բնակիչների ներկայացուցիչներն են դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։ Բանախոսներն անդրադարձել են Ֆիրդուսի թաղամասի տների օտարման խնդրահարույց կողմերին։

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

28.03.2024
ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։

Քննարկում Կոնդի օտարման շուրջ

14.03.2024
Մարտի 14-ին Գենյա Պետրոսյանը իրավաբան Արսեն Թավադյանի և Կոնդ թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյանի հետ Մեդիա կենտրոնում մասնակցել է «Կոնդ․ որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով քննարկմանը։ Պետրոսյանը զուգահեռներ է տարելի Ֆիրդուսի և Կոնդի դեպքերի միջև՝ մատնանշելով Ֆիրդուսի բնակիչների սեփականության օտարման գործընթացում տեղի ունեցած խախտումները

Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»

15.01.2024
Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքասթի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։