2018 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ազատ և արդար ընտրությունները հիմնական ցուցանիշն են, որոնք ազդարարել են որոշակի առաջընթաց պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Տվյալ առաջընթացը, թեև վարչական ռեսուրսի առանձին դրսևորումների մատնանշմամբ, արձանագրվել է տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում: Դրական միտումները հետագայում արտացոլվել են միջազգային ցուցիչներում՝ գրանցելով գնահատականների զգալի բարելավում նախորդ տարիների նկատմամբ:
Վերջին ժամանակներում խիստ մտահոգիչ են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին հաջորդող գործընթացները առանձին համայնքներում, որոնք ստվերում և վտանգի տակ են դնում արձանագրված ձեռքբերումները և ստանձնած ժողովրդավարական բարեփոխումները: Հատկապես՝ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժի կողմից տարբեր անհարկի միջամտությունների միջոցով փորձեր են կատարվել ազդելու ՏԻՄ-երի ձևավորման վրա։ Մասնավորապես՝ անհանգստացնող են ստորև բերվող դրվագները, ներառյալ՝ առանձին ՏԻՄ-երի ընտրություններում քվեարկության արդյունքները չընդունելու հիմքով ՏԻՄ-երի ձևավորումը բոյկոտելը, կոալիցիաների ձևավորման ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ահազանգերը, հաղթող թեկնածուների նկատմամբ՝ հատկապես հետընտրական ժամանակահատվածում կիրառվող քրեական հետապնդումները: