Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարական և ինքնիշխան պետության հիմնասյունն են։ Երկար տարիներ կեղծված ընտրությունների և ժողովրդի իշխանության չիրացումից հետո կարևոր է ընտրական այնպիսի համակարգի ձևավորումը, որը մշտապես կապահովի ժողովրդի՝ ընտրությամբ իշխանություն ձևավորելու իրավունքը։ Որպես «Ականատես» դիտորդական առաքելության մաս՝ մենք մշտապես մասնակցում ենք ընտրությունների վերահսկողությանը, հայտնաբերված խնդիրների հիման վրա առաջարկում լուծումներ և վարում ռազմավարական դատավարություններ՝ փորձելով նպաստել թե՛ օրենսդրության, թե՛ պրակտիկայի բարելավմանը։

Անդրադարձ Ազգային ժողովի ընտրությունների ընտրախախտումներին և Կառավարության ձևավորման կարգին

15.12.2018

Ազգային ժողովի 2017 թ․-ի ընտրությունների համեմատ այս ընտրություններին դիտորդների արձանագրած խախտումները նվազել են։ 2018 թ․-ի  ԱԺ ընտրություններին Երևանի և մարզերի 300-ից ավելի տեղամասերում դիտորդություն իրականացրած 581 դիտորդներն արձանագրել են շուրջ 70 խախտում, որոնցից մի մասի վերաբերյալ դիմում-բողոքներ են ներկայացվել ԿԸՀ։ Արձանագրվել է․

կողմնակի անձանց ներկայության 17 դեպք,

քվեարկության գաղտնիության խախտման 6 դեպք,

բռնություն, սպառնալիք կամ ճնշում գործադրելու 3 դեպք,

խախտումների արձանագրման մերժում ընտրական տեղամասերի կողմից-25 դեպք,

կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկություն-3 դեպք,

ընտրողին իրավասություն չունեցող անձի կողմից օգնություն ցուցաբերելու 6 դեպք,

բաց քվեարկության 3 դեպք,

ուղղորդված քվեարկության 7 դեպք,

արդյունքների ամփոփման կոպիտ խախտումների 7 դեպք,

անվավեր դարձած քվեաթերթիկների 1 դեպք։

Փաստաբան Երանուհի Թումանյանցը, անդրադառնալով խախտոմներին, շեշտել է․ «Մենք արձանագրել ենք նաև դեպքեր, երբ հաստատվել է կապը դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների և կուսակցությունների միջև։ Մեր դիտորդների հարցմանն ի պատասխան՝ իբրև դիտորդ գրանցված անձը ներկայացել է որպես կուսակցության ներկայացուցիչ»։

Երանուհի Թումանյանցը նշել է, որ արձանագրվել է 25 դեպք, երբ Ադիտորդների գնահատականի՝ գրանցամատյանում գրանցելու պահանջը չի կատարվել։

Հարցին, թե որն է խախտումների շեշտակի անկման պատճառը, Թումանյանցը նշել է համակարգային ուղղորդման դեպքերի բացակայությունը։

ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրել է վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման կարգը․ «Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնում է իր թեկնածուին, և նախագահը անհապաղ կատարում է իր նշանակումը։ Վարչապետի նշանակմանն անմիջապես հաջորդում է կառավարության ձևավորման գործընթացը 15-օրյա ժամկետում։ Վարչապետը նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին հնգօրյա ժամկետում։ Նախագահը եռօրյա ժամկետում պետք է կատարի համապատասխան նշանակումներ»։Եթե նախագահը ո՛չ նշանակում է, ո՛չ էլ դիմոմ Սահմանադրական դատարան, ապա նշանակումը կատարվում է իրավունքի ուժով։ Անմիջապես Կառավարության ձևավորման գործընթացից հետո քսանօրյա ժամկետում նախատեսվում է Կառավարության ծրագրի ներկայացումն Ազգային ժողով։