Անձի մասնավոր կյանքի իրավունքին օրինական միջամտելու երաշխիքները բավարար չեն

28.07.2022

Սույն թվականի հուլիսի 11-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը,  Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերոնշյալ կայքում հրապարակել են իրենց կարծիքը՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել համապատասխան փոփոխություններ։

Ըստ կազմակերպությունների՝ նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները: Բանն այն է, որ նախագծում տեղ գտած իրավակարգավորումները թույլ են տալիս օպերատիվ-հետախուզական գործունեություն կատարող մարմիններին դիմել այդ միջոցներին անգամ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը հիմնավորված չէ։ Այսպես, ի տարբերություն գործող օրենքի, նախագծով չի սահմանվում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն (այսուհետ՝ նաև ՕՀՄ) անցկացնող մարմինը պարտավոր է դատարանում հիմնավորել, որ իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը այլ եղանակով ողջամտորեն անհնարին է։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ  միջոցառումը թույլատրող դատարանը պետք է պարզի, թե արդյոք պահանջվող միջամտությունը համապատասխանում է ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պահանջին` ստուգելով նաև, թե հնարավոր է հետապնդվող նպատակներին հասնել ավելի քիչ սահմանափակող միջոցներով»,-նշված է կարծիքում։

Մեկ այլ էական խնդիր է այն, որ նախագծով չի սահմանվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը։ Այսպիսով, սա անիրատեսական է դարձնում չարտոնված միջամտությունների նկատմամբ հետագա վերահսկողության ցանկացած կառուցակարգ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով նշված խնդրին, արձանագրել է «Գաղտնի հսկողության այնպիսի համակարգերը, որոնք անվտանգության  մարմիններին, ոստիկանությանը տալիս են տեխնիկական միջոցներ, որոնք թույլ են տալիս շրջանցել թույլտվության ընթացակարգը և հնարավորություն են տալիս նրանց ուղղակիորեն գաղտնալսելու յուրաքանչյուր քաղաքացու հաղորդակցությունը՝ չպահանջելով նրանցից ներկայացնել գաղտնալսման թույլտվությունը կապի ծառայություններ մատուցողներին, հատկապես ռիսկային են չարաշահումների առումով»։

Կազմակերպությունները դիտարկումներ են ներկայացրել նաև անձի՝ իր նկատմամբ կայացված օպերատիվ-հետախուզական միջոցառման նյութերը պահանջելու իրավունքի, գաղտնի միջոցառումների կիրառման պայմանների, ՕՀՄ-ների դադարեցման ժամկետի և ՕՀՄ գործողությունները բողոքարկելու իրավունքի մասին։

Կազմակերպություններն առաջարկել են վերականգնել գործող օրենքի իրավակարգավորումը, որի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմինը պետք է դատարանում հիմնավորի, որ այլ եղանակով, քան համապատասխան գաղտնի միջոցառումն է, իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է։ Դատարանի թույլտվությունը հեռահաղորդակցության մարմիններին ներկայացնելու մասով առաջարկվել է «Սահմանել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու թվային հաղորդակցության վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը (պահպանելով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը)»։

Կարծիքը և ներկայացված բոլոր առաջարկները կարող եք կարդալ` սեղմելով ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։

Ներբեռնել

Ռազմական դրության ժամանակ կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության իրավունքների սահմանափակման ռիսկերի մասին

10.01.2023
ԻԶՊՀ այս կարծիքն անդրադառնում է 22.12.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր:

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.01.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կարծիքն անդրադառնում է 04.11.2022 թ.-ին Ազգային ժողով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր: Ըստ այդմ, կազմակերպություններն առաջարկում են վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։

Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների մասին

21.11.2022
Կարծիքն անդրադառնում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծին՝ առաջարկելով փոփոխությունների համատեքստում վերանայել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը։

Մատչելի դարձնել նաև դատարանների շենքերը

20.11.2022
Կառավարությունն առաջարկել է բարելավել հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Առաջարկում ենք ընդլայնել ցանկը՝ ընդգրկելով նաև ՀՀ դատարանների շենքերը։

Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ ԻԶՊՀ-ն առաջարկում է վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

28.08.2022
12.08.2022թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից քննարկման է ներկայացվել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

28.07.2022
Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր:

Անձի մասնավոր կյանքի իրավունքին օրինական միջամտելու երաշխիքները բավարար չեն

28.07.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ անդրադառնում է «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի այն կետերին, որ կարող են խախտել անձի իրավունքները։

«Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

31.05.2022
24.05.2022թ. Ազգային ժողովի օրակարգում է ընդգրկվել, իսկ 25.05.2022թ. առաջին ընթերցմամբ ընդունվել է «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Տեքստում ամփոփված են ԻԶՊՀ-ի՝ նախագիծը լրամշակելու առաջարկները;