Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ին։ Այս տարիների ընթացքում Աշխատանքային օրենսգրքում բազմիցս կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Հայաստանի Հանրապետությունում հաստատված շուկայական հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկան, սոցիալ-տնտեսական իրավիճակը, միջազգային իրավական ակտերով սահմանված պահանջների և չափանիշների շրջանակի աստիճանական ընդլայնումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների միջև կայացած հարաբերությունների զարգացումը վեր են հանում ՀՀ աշխատանքային օրենսդրության մի շարք բացթողումներ և խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ հաշվի առնելով միջազգային իրավական փաստաթղթերի պահանջները և իրավակիրառ պրակտիկայից բխող հրամայականները:
Հետազոտության համար առանցքային են հարկադիր կամ պարտադիր աշխատանքին, երեխաների աշխատանքին առնչվող խնդիրները, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, աշխատանքային պայմանագրերին վերաբերող տարատեսակ խնդիրներ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի, կրթական ոլորտի ներկայացուցիչների աշխատանքի հետ փոխկապակցված որոշ կարգավորումներ, խտրականության արգելքը և այլն: