Հունիսի 28-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին՝ ներկայացնելով աշխատանքային իրավունքի ոլորտում կատարված կարևոր փոփոխությունները և դեռևս առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ կարիք կա աշխատելու։
Պետրոսյանը քաղաքացիական հասարակության և պետական մարմինների համագործակցությունը գնահատել է դրական՝ նշելով, որ մի շարք առաջարկություններ ընդունվել են հենց նախնական տարբերակից վերամշակված տարբերակ անցում կատարելու փուլում. այդ ընթացքում կային հետընթաց կարգավորումներ, որոնք վերացվեցին։
Պետրոսյանը կարևորել է երեխաների աշխատանքի բնագավառում աշխատաժամանակի տևողության համատեքստում կատարված փոփոխությունները և բացառապես կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատելու հնարավորության վերացումը։ Նա նաև նշել է, որ երեխաների աշխատաժամանակի տևողության բարելավումները ողջունելի են, սակայն լիարժեք չեն, քանի որ չեն համապատասխանում խարտիայի պահանջներին։
Ըստ Պետրոսյանի՝ պետք է շարունակել աշխատանքը լիարժեք չկարգավորված հարցերի ուղղությամբ։ Խոսքը հատկապես վերաբերում է խտրականության կարգավորումներին, որոնք հենց Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն համարել է խնդրահարույց։ Սրա հետ միասին կա Իրավահավասարության և խտրականությունից պաշտպանության մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով բավական շատ հարցեր լուծվելու են։ Կարևոր է համապատասխանեցնել աշխատանքային օրենսգրքի խտրականությանն առնչվող կարգավորումները այս նոր կարգավորումներին, որպեսզի եղած բացերը լուծում ստանան։
Երբ խախտվում է աշխատողի իրավունքը, վերջինս կարող է դիմել դատարան, և գործքը կքննվի հատուկ վարույթի շրջանակում, սակայն խնդիրն այն է, որ այդ վարույթի շրջանակը բավական նեղ է և չի ներառում բոլոր հնարավոր դրսևորումները։ Եթե հարակից օրենքներում այս հարցերը կարգավորվեն,սա կանդրադառնա նաև աշխատանքային հարաբերությունների վրա։ Այս տեսանկյունից բանախոսը կարևորել է Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱԺ հանձնաժողովի համատեղ աշխատանքը, որպեսզի սահմանումները առավելագույնս արդյունավետ տրվեն։ Ավելի գերադասելի է հատուկ վարույթի շրջանակում նախատեսել աշխատանքային հարաբերությունների բոլոր խտրականությունների հետ կապած դեպքերը, որովհետև այստեղ կան ավելի մանրամասն կարգավորումներ, օրինակ՝ ex officio լիազորություններ, որոնք դատարանը իրագործում է։
Ամփոփելով՝ Պետրոսյանը կարևորել է ոչ միայն օրենսդրության մեջ փոփոխությունները, այլև դրանց վերաբերյալ մշտադիտարկումն ու վիճակագրությունը, որոնք կփաստեն կարգավորումների գործելը։ «Որքան էլ մենք սահմանենք այս ամենը, գործնականում սա կարող է հռչակագրային լինել, եթե չլինի պատշաճ հսկողություն», Կոմիտեն ևս արձանագրել է այս խնդիրը, քանի որ չի տրամադրվում տեղեկատվություն գործնականում եղած խախտումների մասին։