Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021

Քննարկվել են հետևյալ հարցերը՝

  • գործող Սահմանադրության պայմաններում վեթինգ անցկացնելու հնարավորություն և միջոցներ,
  • բարեվարքության ստուգման նոր չափորոշիչներ և կարգապահական պատասխանատվություն,
  • ապօրինի գույքի վերադարձ,
  • Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն,
  • դատական համակարգի անկախություն, հանրային վստահություն և դատավորի պաշտոնի գրավչություն։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի` մայիսի 19-ի՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչին, Գենյա Պետրոսյանն ասել է․ «Իհարկե, բավական խնդրահարույց եմ դիտարկում այդ հայտարարությունը՝ առաջին հերթին այն անող անձի կարգավիճակից ելնելով, որը գործադիր իշխանության առաջնային ներկայացուցիչ է։ Եթե նույնիսկ նայենք հավաքների ազատության մասին օրենքի տեսանկյունից, հավաքը ենթակա է արգելման, եթե իրականացվում է դատարաններից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է նրա բնականոն գործունեությանը»։ Տվյալ դեպքում դատարանների մուտքերը և ելքերը արգելափակելու, հետևաբար նաև բնականոն գործունեությունը խոչընդոտող կոչը արել է անմիջականորեն վարչապետը։ Շարունակելով՝ Պետրոսյանն ասել է․  «Որպես հակափաստարկ՝ կարող է հնչեցվել այն հանգամանքը, որ անկախ դատական իշխանության, դրա միջամտության արգելքի պահանջն էլ իր հերթին ենթադրում է, որ դատական համակարգն ինքնին պետք է լինի անկախ, կազմված լինի հանրության վստահությունը վայելող դատավորներից։ Եվ այս առումով, իհարկե, ընդունում ենք, որ տասնամյակներ շարունակ մեր դատական համակարգը, առնվազն ճնշող մեծամասնությունը կախվածության մեջ է եղել գործադիր իշխանությունից, առկա են եղել համակարգային կոռուպցիոն և այլ արատավոր երևույթներ։ Այդ կոչը չէր այն ճանապարհը, որի միջոցով պետք է լուծվեին այդ խնդիրները։ Թերևս ամենաարդյունավետ եղանակը մեր իրականության պայմաններում կլիներ համակարգային վեթինգի իրականացումը, այսինքն՝ համընդհանուր վերանայման մեխանիզմների ստեղծումը, որը բխում էր հանրային պահանջից»։ Ինչ-որ պահիցԿառավարությունը հետ կանգնեց վեթինգ իրականացնելու մտադրությունից և շարժվեց բարեվարքության ստուգման, կարգապահական պատասխանատվության մեխանիզմների մեջ որոշակի փոփոխություններ անելով․ «Առնվազն կարճաժամկետ պլանում չեմ կարծում, որ դրանք կբերեն այն արդյունքներին, որ ակնկալում է հանրությունը»։ Հենց նույն հեղափոխության հիմքում դրված էր արդարադատության համակարգի խնդիրների հանրային ծայրահեղ ցածր աստիճանի անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։

Որպես փաստարկ՝ նշվում է, որ գործող Սահմանադրության պայմաններում հնարավոր չէ վեթինգ իրականացնել։ Սակայն մեր կազմակերպությունը հայտարարությամբ հանդես եկավ և, գնահատելով առկա օրենսդրական կարգավորումները, հանգեցինք այն հետևության, որ գործող Սահմանադրության պայմաններում ևս հնարավոր է իրականացնել վեթինգ։  Մասնավորապես Սահմանադրությունը հնարավորություն տալիս է դատավորի լիազորությունները դադարեցնել անհամատեղելիության պահանջների խախտման պայմաններում և միևնույն ժամանակ անհամատեղելիության պահանջները սպառիչ չի թվարկում՝ հնարավորություն տալով լրացուցիչ պահանջները սահմանել Դատական օրենսգրքով և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով», հետևաբար այսպիսի պահանջները կարող էին սահմանվել օրենսդրությամբ։  Գործող Սահմանադրության պայմաններում ակնհայտորեն վեթինգ իրականացող մարմինը պետք է լիներ ԲԴԽ-ն, որովհետև դատավորի լիազորությունների դադարեցմամբ օժտված է հենց նա։ Մենք առաջարկել էինք մի մոդել, որը կկարողանար հավասարակշռել այս գործընթացը։ Նախատեսում էինք անկախ մարմնի ստեղծում, որը պետք է ձևավորվեր ԱԺ-ի կողմից՝ առավելագույն բարձր ցենզով ընտրության կատարման արդյունքում։ Պետք է լիներ օրենք, հստակ չափորոշիչներ, և այդ հանձնաժողովը հանդես գար դատավորի գնահատման հստակ եզրակացությամբ, այն ներկայացներ ԲԴԽ, որն էլ արդեն պետք է որոշում կայացներ դատավորի լիազորությունների դադարեցման կամ չդադարեցման մասին։ ԲԴԽ-ում այս գործընթացը թափանցիկ և հանրային վերահսկողության մեխանիզմներով անցկացնելու դեպքում միջազգային չափանիշներին համահունչ վեթինգ անցկացնելու երաշխիքներ կունենայինք»։ Ինչ վերաբերում է ԲԴԽ որոշումների անբողոքարկելիությանը, Պետրոսյանը շեշտել է, որ եթե Կոնվենցիայի տեսանկյունից ԲԴԽ-ն գնահատվում է որպես դատական մարմին, ապա Կոնվենցիան բողոքարկման իրավունք չի պահանջում։ ՍԴ-ն գնահատել է ԲԴԽ-ի որոշումը չբողոքարկելու իրավաչափությունը և, ըստ էության, որակել նրան որպես դատական մարմին։

Ապօրինի գույքի վերադարձի թեմայի մասին խոսելով՝ Պետրոսյանն օբյեկտիվ է համարել այս գործընթացի ժամանակատարությունը․ բոլոր կողմերի իրավունքները, ընթացակարգային երաշխիքները պետք է ապահովված լինեն՝ հետագայում նույն անձանց կողմից ՄԻԵԴ գանգատներ տանելը նկատի ունենալով նաև։ Ընտրովի արդարադատության ռիսկը երբեք բացառվել չի կարող, ուստի կարևոր է հանրային վերահսկողությունը․ «Հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժի առաջնային նպատակը պետք է լինի հաշվետու, թափանցիկ կառավարման, հանրային վերահսկողության լայն մեխանիզմներ նախատեսելը»։

Անդրադառնալով Սահմանադրություն փոխելու անհրաժեշտությանը՝ Պետրոսյանը մատնանշել է 2015 թ․-ի հանրաքվեի զանգվածային խախտումները, այն, որ հանրաքվեն չի համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին և չի արտահայտել ժողովրդի կամքը,  ուստի կար համապատասխան անհրաժեշտությունը և հանրային պահանջը։ Մարդու իրավունքների, քաղաքական և քաղաքացիական առումով ծայրահեղ հետընթաց արձանագրվեց․ «Մարդու հիմնական իրավունքներ և ազատություններ բաժնից մի շարք իրավունքներ ուղղակի տեղափոխվեցին երրորդ գլուխ, որտեղ սահմանվեցին պետական քաղաքականության, օրենսդրական դրույթների սկզբունքներ։ Դրանով ոչ միայն այս իրավունքների պաշտպանության մակարդակը նվազեցվեց, այլև քաղաքացին զրկվեց ցանկացած օրենսդրական ակտ սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների հիմնական պահանջներին չհամապատասխանելու տեսանկյունից ՍԴ-ում վիճարկելու հնարավորությունից»։

Անդրադառնալով կառավարման ձևի փոփոխությանը՝ բանախոսը նշել է՝ այս տարիները հստակորեն ցույց տվեց, որ նախատեսված սահմանադրական կարգավորման շրջանակներում դա Հայաստանին համապատասխան մոդել չէ թե՛ կուսակցական համակարգի զարգացումը հաշվի առնելով, թե՛ վարչապետի լիազորությունների գերկենտրոնացման տեսանկյունից։

Ինչ  վերաբերում է դատավորների աշխատավարձի բարձրացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարելուն, ապա, ըստ Պետրոսյանի, այդ քայլը պետք է արվի այլ գործողությունների համատեքստում․ «Ինքնին աշխատավարձի բարձրացումը այս բոլոր խնդիրները լուծելու հնարավորություն չունի, բայց անհրաժեշտ է բարձրացնել դատավորների սոցիալական երաշիքները դատավորի պաշտոնը ավելի գրավիչ դարձնելու համար։ Պրակտիկան և վիճակագրությունը ցույց են տալիս, որ կա հավակնորդների թվի պակաս և դատավորների հաստիքների համալրման խնդիր ունենք»։

Որևէ էական փոփոխություն հանրային վստահության աստիճանի մասով չկա․ դրա մասին են խոսում սոցիոլոգիական հետազոտությունները․ «Դա որոշակիորեն հասկանալի է, քանի որ հասարակության համար շոշափելի փոփոխությունը միանշանակ կլիներ այն դեպքում, եթե համապարփակ վեթինգի իրականացման միջոցով կատարվեր դատավորների՝ իրենց պաշտոններին համապատասխանության ստուգում, և այն դատավորները, որոնք չէին համապատասխանի նախապես որոշված չափորոշիչներին, կհեռանային համակարգից՝ նրանց փոխարեն գային պրոֆեսիոնալ, բարեվարք կադրեր։ Այդ դեպքում հասարակության համար տեսանելի կլինեին այդ արդյունքները, որովհետև ի վերջո հասարակությունը բազմիցս տեսել է թե՛ քաղաքական ենթատեքստով, թե՛ հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման հետ կապված գործերով շատ հստակ քաղաքական գիծ տանող դատավորների գործելակերպ, և այդ նույն դատավորների պաշտոնավարման պայմաններում, բնականաբար, հանրային վստահության ճգնաժամը շարունակում է առկա լինել»։

Նման պայմաններում, երբ ամենաօրակարգայինը անվտանգության խնդիրն է, որքա՞ն արդյունավետ կարող են լինել դատական համակարգի բարեփոխումները․ «Ես այն կարծիքին եմ, որ դատական համակարգի փոփոխությունները չպետք է փոխկապակցել անվտանգային մարտահրավերների հետ, ընդհակառակը, կարծում եմ՝ պատերազմից հետո շատ հստակ տեսանք, թե ինչքան կարևոր է ունենալ այն բոլոր ժողովրդավարական ինստիտուտները կայացած և ամուր հիմքերի վրա, որպեսզի անվտանգությանն առնչվող ցանկացած սպառնալիք չեզոքացվի։ Հետևաբար ճգնաժամային պայմաններում թե՛ դատարանի անկախությունը, թե՛ ցանկացած ժողովրդավարական ինստիտուտի անկախությունը և կայունությունը չափազանց կարևոր են»։

Ֆիրդուսի թաղամասի տների գործով՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները

16.04.2024
Ապրիլի 11-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանն ու Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի հետ մասնակցել են «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» խորագրով մամուլի ասուլիսին: Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի և այլ բնակիչների ներկայացուցիչներն են դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։ Բանախոսներն անդրադարձել են Ֆիրդուսի թաղամասի տների օտարման խնդրահարույց կողմերին։ Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատարանների հակասական որոշումներին և ոչ միասնական պրակտիկային, դրանց՝ քաղաքացիների՝ սեփականության իրավունքի պաշտպանության անհնարինությանը հանգեցնելուն և արդար դատաքննության իրավունքի խախտմանը։ Դավիթ Գյուրջյանը խոսել է հարուցված քրեական գործերի մասին, որոնց հիմքում եղած փաստերը խոսում են հողերը օտարելու ապօրինության և բազմաթիվ խախտումների մասին, որ համաձայնեցված գործողություններով կատարվել են գնահատման գործընթացում։

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

28.03.2024
ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։

Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»

15.01.2024
Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքասթի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Հակակոռուպցիոն դատարաններ․ բանավեճ Լուրերի եթերում

20.04.2022
Լուրերի եթերում «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է հակակոռուպցիոն դատարանների թեմայով բանավեճ-քննարկմանը։

«Հայաստանի ժողովրդավար ուղին չունի այլընտրանք»․ քննարկում

14.03.2022
1in.am-ի եթերում Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման մասին քննարկմանը։