Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

14.06.2024

2024 թ․ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են տասնյակից ավելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժել են ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Բացի այդ, ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնած տեղեկությունների՝ բուժօգնության դիմել են 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան և 10-ից ավելի լրագրող և օպերատոր։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը երաշխավորում են խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ինչպես նաև անմարդկային և դաժան վերաբերմունքից պաշտպանվելու բացարձակ իրավունքը։ Թեև հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերով և իրավաչափ նպատակի հասնելու համար, սակայն նման սահմանափակումը պետք է անհրաժեշտ և համաչափ հետապնդվող նպատակին։

Միջազգային չափանիշների համաձայն՝ առանձին բռնի գործողությունների դրսևորումները ամբողջ հավաքը չեն վերածում ոչ խաղաղ հավաքի, և ներպետական մարմինները պարտավոր են ներկայացնել հստակ հիմնավորվածություն այնպիսի ծայրահեղ միջոցների կիրառման համար, ինչպիսիք են հատուկ միջոց, այդ թվում՝ լուսաձայնային նռնակները։ Ավելին, ցանկացած դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է լինի խիստ անհրաժեշտ՝ պայմանավորված կոնկրետ անձանց վարքագծով և պետք է անփոխարինելի և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին։ 

Միջազգային իրավական չափանիշները պահանջում են, որ հատուկ միջոցների գործադրումը կարգավորվի հստակ կանոններով, իսկ դրանք կիրառող իրավապահ մարմինների ծառայողները պետք է անցնեն պատշաճ վերապատրաստում, և ցույցերի ընթացքում ենթակա լինեն վերահսկողության։ Բացի այդ՝ ուժի կիրառման ցանկացած դեպքից հետո, հատկապես եթե այն կիրառվել է բռնի դիմադրություն չցուցաբերող անձանց նկատմամբ, պարտադիր է իրականացնել ուժի կիրառման անհրաժեշտության, համաչափության և ողջամտության արդյունավետ գնահատում։ 

Նշված հավաքը ի սկզբանե խաղաղ էր իր բնույթով, մասնակիցները՝ անզեն։ Թեև հավաքի ընթացքում իրարանցման և հրմշտոցի արդյունքում հավաքի խումբ մասնակիցների և կազմակերպիչների կողմից բռնի գործողություններ կատարվեցին, այդ թվում՝ Սիրահարների այգու պարիսպները կոտրելը, ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը, Ոստիկանությունը նշված ցուցարարներին մեկուսացնելու փոխարեն, ըստ էության, առանց պատշաճ նախազգուշացման հատուկ միջոց` նռնակներ գործադրեց հավաքի մասնակիցների, այդ թվում խաղաղ մասնակիցների և հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է հատուկ միջոցների կիրառման կարգն ու չափանիշները։ Հատուկ միջոց նռնակների գործադրման անհրաժեշտությունը և համաչափությունը Ոստիկանության կողմից չի հիմնավորվել։ Այն փաստարկները, որ հատուկ միջոցները կիրառվել են, քանի որ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և հարձակվել ՀՀ Ազգային ժողովի շենքի վրա անհիմն է, քանի որ ցուցարարները գտնվում էին հարակից՝ Սիրահարների այգու տարածքում, և Ազգային ժողովի շենքին որևէ ուղղակի և իրական վտանգ չէր ներկայացվում։ Ոստիկանությունը նույնպես նման հարձակման անմիջական սպառնալիքի անխուսափելիության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել։

Մինչդեռ, ոստիկանության ծառայողները կիրառել են հատուկ միջոցներ բազմամարդ հավաքի մասնակիցների նկատմամբ, և նրանց համար պետք է ակնհայտ լիներ, որ չէին ապահովվելու ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ թիվ 90-Ն հրամանով մարդու նկատմամբ կիրառվող հատուկ միջոցների թույլատրելի չափանիշները և մասնավորապես՝ հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա կիրառելու պահանջը, որի չպահպանումը ողջամտորեն և անխուսափելիորեն առաջացնելու էր մասնակիցների շրջանում տարբեր աստիճանի վնասվածքներ և առողջության վնաս, ինչ ոստիկանության կողմից պետք է պարտադիր հաշվի առնվեր հատուկ միջոցի ընտրության փուլում և բացառվեր նման միջոցի գործադրումը, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն հավաքի խաղաղ մասնակիցները, այլև հավաքը լուսաբանող լրագրողները և օպերատորները։

Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր, հետևաբար՝ ոչ իրավաչափ էր։ 

Ավելին, նույն հավաքի շրջանակներում Ոստիկանության ծառայողների կողմից ծեծ և բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների նկատմամբ, արժանապատվությունը վիրավորող և նվաստացուցիչ արտահայտություններ հնչեցվել նրանց նկատմամբ, այդ թվում՝ ինչպես անմիջապես հավաքի վայրում, այնպես էլ նրանց բերման ենթարկելու ընթացքում և Ոստիկանության ծառայողների անմիջական վերահսկողության տակ գտնվելու ժամանակ։ Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու արդյունքում հոսպիտալացվել է Աբրահամ Գասպարյանը, ում մոտ ախտորոշվել է կողերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներ։ 

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։ 

Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վարչապետը հունիսի 12-ի հավաքին զուգահեռ Ազգային ժողովում իր անվերապահ աջակցությունը հայտարարեց ոստիկանության գործողությունների առնչությամբ՝ պնդելով, որ «բոլոր ոստիկանները, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, ճիշտ են անում» և շնորհակալություն հայտնելով և առավել սկզբունքայիններին իրենց աշխատանքի դրական գնահատականը հավաստելով՝ դրանով լիազորելով ոստիկանության բռնի գործողությունները հավաքի մասնակիցների նկատմամբ և երաշխավորելով դրանց համար անպատժելիությունը, իսկ հաջորդ օրը ոստիկանության գործողությունները շտապեց գնահատել՝ որպես «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։ 

Գործադիր իշխանության ղեկավարի նման հայտարարությունները ոչ միայն ուղիղ հրահանգ են ոստիկանության ծառայողներին, այլև իրավապահ համակարգին՝ ունակ ազդելու ոստիկանության գործողությունների քննության անկախության և օբյեկտիվության վրա։ 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բազմիցս արձանագրել են, որ հավաքների շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ի պաշտոնե հարուցում է քրեական վարույթներ բացառապես հավաքի մասնակիցների ենթադրյալ անօրինական գործողությունների առնչությամբ և ոչ ոստիկանության ծառայողների կողմից ուժի գործադրման և բռնությունների կիրառման փաստերի առնչությամբ, ինչը ևս խորը մտահոգություն է առաջացնում իրավապահ համակարգի՝ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի անկախության և անաչառության առնչությամբ։

Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները՝ պահանջում ենք․ 

  • ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել 2024 թ․ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ և բռնությունների գործադրման դեպքերով և իրականացնել անկախ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին և ապահովել հանրության տեղեկացվածությունը ձեռնարկված քայլերի վերաբերյալ,
  • ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից և այլ անօրինական և անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը և ապահովել հավաքի ընթացքում ձեռնարկված ցանկացած միջոցների իրավաչափության գնահատման պարտադիր կանոններ, 

Միևնույն ժամանակ պահանջում ենք՝

 

  • ՀՀ իշխանությունից երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարները, պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքի կիրառումից, ինչը հանգեցնում է քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման, 
  • ՀՀ քաղաքական ղեկավարությունը պարտավոր է բացառել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոստիկանությունը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը և ձեռնպահ մնալ պաշտոնական քննություն իրականացնելու առաջ ոստիկանական գործողությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, որոնք անխուսափելիոերն կարող են ազդել քննության անկախության և անաչառության վրա։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ 

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ամբրելլա միազգային լրագրողների ցանց ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Հասմիկ Գևորգյան, իրավապաշտպան

Հասմիկ Պետրոսյան, փաստաբան

Ինգա Զարաֆյան, բնապահպան

Տաթևիկ Ղարիբյան, իրավապաշտպան

Իզաբելլա Սարգսյան, իրավապաշտպան

Արթուր Գրիգորյան, բնապահպան, իրավաբան

Գայանե Շագոյան, ազգագրագետ

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան - ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

30.09.2024
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

14.06.2024
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։

Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

29.05.2024
2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։

Համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերի մասին

02.05.2024
Ապրիլի 30-ին ԻԶՊՀ-ն միացել է ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ուղարկած համատեղ զեկույցին, որում ներկայացվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:

Հայաստանի քաղհասարակության աջակցության նամակը վրացի գործընկերներին

05.04.2024
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։ Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։

Ոստիկանության շարունակական բռնությունների վերաբերյալ

03.04.2024
Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները:

ՔՀԿ-ների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

28.03.2024
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

18.03.2024
Միջպետական գանգատներից հրաժարվելու վերաբերյալ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որևէ պայմաններում անընդունելի, և ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

ՔՀԿ-ները պահանջում են ոստիկանական բարեփոխումներին ուղղված խորհրդարանական լսումներ՝ ՆԳ նախարարի մասնակցությամբ

14.02.2024
Հայաստանյան մի շարք ՔՀԿ-ներ նախատեսում են կոչ-պահանջագիր ներկայացնել ՀՀ Ազգային ժողով՝ Ներքին գործերի նախարարի մասնակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։ Հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում ոստիկանության բարեփոխումների վիճակի և առանցքային խնդիրների լուծման բավարար առաջընթացի բացակայության վերաբերյալ։

Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի ձերբակալած հայերին. ՀԿ-ների հայտարարությունը

13.10.2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետեւ, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը եւ ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։