Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը թեև իրավաչափ է համարում ՀՀ դատական օրենսգրքով և հարակից օրենքներով լրացուցիչ անհամատեղելիության պահանջների սահմանման հնարավորությունը, այնուամենայնիվ, կարծում ենք, որ առաջարկված լուծումները խնդրահարույց են թե՛ ՀՀ Սահմանադրության և թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների տեսանկյունից:
Նման կարգավորման դեպքում դատավորի լիազորությունների դադարեցումը տեղի է ունենում ոչ թե կարգապահական վարույթի, այլ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի շրջանակներում, ինչն անորոշ է դարձնում տվյալ ընթացակարգի շրջանակներում դատավորի արդար դատաքննության իրավունքի երաշխիքների ապահովման հարցը։ Կիրառելի չեն լինելու կարգապահական վարույթին հատուկ՝ կարգապահական խախտումների որակմանն առնչվող չափանիշները, այդ թվում՝ նրանք, որոնք հնարավորություն են տալիս որպես կարգապահական խախտում չդիտարկել այն արարքները, որոնք ձևականորեն պարունակում են Դատական օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշները, սակայն նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չեն դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Գործող Սահմանադրության պայմաններում դատավորների վեթինգի/գնահատման գործընթացը պետք է իրականացնի օրենքի հիման վրա ստեղծված նոր, անկախ երկաստիճան կառուցվածք ունեցող մարմին՝ հանձնաժողով, որը բաղկացած կլինի հանրային լայն վստահություն և մասնագիտական բարձր հեղինակություն վայելող իրավաբան-մասնագետներից, փաստաբաններից, իրավապաշտպաններից, որոնց առաջադրման ընթացակարգը պետք է լինի առավելագույնս պարզեցված, այդ թվում՝ ներառի ինքնաառաջադրման հնարավորություն: Միևնույն ժամանակ այդ մարմինը չի կարող կայացնել դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում, քանի որ Սահմանադրությամբ այդ բացառիկ իրավասությունը վերապահված է ԲԴԽ-ին: Ստուգման արդյունքում հանձնաժողովը պետք է տա եզրակացություն, համապատասխան դատավորի լիազորությունը դադարեցնելու միջնորդությամբ դիմի ԲԴԽ և վերջինի հրավիրած նիստում մրցակցային պայմաններում պաշտպանի այդ միջնորդությունը:
ՀՀ-ի մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով արձանագրված մարդու հիմնարար իրավունքի միտումնավոր խախտումը, ըստ առաջարկվող խմբագրության, անմիջականորեն հանգեցնելու է դատավորի լիազորությունների դադարեցմանը: Ընդ որում, խախտման միտումնավոր լինելու կամ չլինելու հանգամանքը համատասխան դատական ակտով արձանագրման ենթակա չէ, ինչից ենթադրվում է, որ միտումնավորության գնահատումն իրականացվելու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից:
Նման կարգավորման պայմաններում դատավորի լիազորությունների դադարեցումը տեղի է ունենում ոչ թե կարգապահական վարույթի, այլ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի շրջանակներում, որի պայմաններում անորոշ է մնում տվյալ ընթացակարգի շրջանակներում դատավորի արդար դատաքննության իրավունքի երաշխիքների ապահովման հարցը (դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») Դատական օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ նույն գլխով:): Այս վարույթի շրջանակներում կիրառելի չեն կարգապահական վարույթին հատուկ՝ կարգապահական խախտումների որակմանն առնչվող չափանիշները, այդ թվում՝ նրանք, որոնք հնարավորություն են տալիս որպես կարգապահական խախտում չդիտարկել այն արարքները, որոնք ձևականորեն պարունակում են Դատական օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշները, սակայն նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չեն դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Նման պայմաններում, երբ նկարագրված խախտումը, առանց որևէ տարբերակման, այդ թվում՝ խախտման բնույթը, հետևանքները, գործի առանձնահատկությունները և գործի այլ անհատականացնող հանգամանքները հաշվի առնելու, անմիջականորեն հանգեցնում է դատավորի լիազորությունների դադարեցմանը, առերևույթ խնդրահարույց է իրավունքի սահմանափակման համաչափության տեսանկյունից և ենթադրում է սահմանված կարգավորման՝ բոլոր դեպքերի նկատմամբ ավտոմատ կիրառման պարտականություն:
Գտնում ենք, որ գործող Սահմանադրության պայմաններում դատավորների վեթինգի/գնահատման գործընթացը պետք է իրականացնի օրենքի հիման վրա ստեղծված նոր, անկախ երկաստիճան կառուցվածք ունեցող մարմին՝ հանձնաժողով, որը բաղկացած կլինի հանրային լայն վստահություն և մասնագիտական բարձր հեղինակություն վայելող իրավաբան-մասնագետներից, փաստաբաններից, իրավապաշտպաններից, որոնց առաջադրման ընթացակարգը պետք է լինի առավելագույնս պարզեցված, այդ թվում՝ ներառի ինքնառաջադրման հնարավորություն: Միևնույն ժամանակ այդ մարմինը չի կարող կայացնել դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում, քանի որ Սահմանադրությամբ այդ բացառիկ իրավասությունը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին: Հետևաբար հանձնաժողովի գործունեությունը պետք է եզրափակվի ստուգման արդյունքում տրվող եզրակացությամբ, համապատասխան դատավորի լիազորությունը դադարեցնելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելով և ԲԴԽ հրավիրած նիստում մրցակցային պայմաններում այդ միջնորդությունը պաշտպանելով: Հանձնաժողովի միջնորդության քննարկումը դռնբաց նիստում պետք է իրականացվի հանրային լայն վերահսկողության երաշխիքների ապահովման պայմաններում՝ նվազագույնի հասցնելով հնարավոր չարաշահումների ռիսկը: Հանձաժողովն իր հերթին պետք է ձևավորվի Ազգային ժողովի կողմից՝ գոյություն ունեցողներից առավել բարձր ցենզի հաղթահարմամբ: Ստուգման չափանիշները պետք է հստակ սահմանված լինեն օրենսդրությամբ և կարող են վերաբերել դատավորի ունեցվածքի ծագումնաբանությանը, հանցավոր կապերին և մասնագիտական որակներին: