Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար:


1. Իրավաբանական/փաստաբանական գործունեությունն ինքնին գերշահութաբերություն ունեցող գործունեություն չէ, իսկ բարձր շրջանառություն ունեցող իրավաբանական և փաստաբանական ընկերություններն արդեն իսկ գտնվում են շահութահարկ/ԱԱՀ հարկման դաշտում, ուստի մյուս ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերին հարկման այս դաշտ բերելը որևէ նշանակալի ֆինանսական մուտքեր պետական բյուջե չի ապահովելու։
 

2. Հայաստանում դեռևս զարգացած չէ պրոֆեսիոնալ իրավաբանական և փաստաբանական ծառայություններից օգտվելու մշակույթը, ինչի առաջնային պատճառներից է ծառայություններից օգտվելու կարիք ունեցող քաղաքացիների ցածր վճարունակությունը կամ առհասարակ անվճարունակությունը։ Ցածր վճարունակություն ունեցող և անվճարունակ քաղաքացիների թիվը ՀՀ-ում չափազանց մեծ է, ինչը փաստվում է նաև Հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածությամբ և թե քրեական, թե քաղաքացիական գործերով օգնություն հայցող քաղաքացիների քանակով։


Հաշվի առնելով այն, որ իրավաբանական/փաստաբանական գործունեությունը գերշահութաբեր գործունեություն չէ՝ քննարկվող փոփոխությունը անխուսափելիորեն և ուղղակիորեն հանգեցնելու է ծառայությունների հիմնական մասի թանկացման ուղիղ այնքանով, որքանով կծանրանա այն մատուցողի հարկային բեռը՝ շուրջ 35 տոկոսով, որպես արդյունք՝ էլ ավելի կնվազի իրավաբանական/փաստաբանական ծառայություններից օգտվելու ֆինանսական հնարավորություն ունեցող անձանց թիվը, ինչն իր հերթին կհանգեցնի ա/ անձանց կողմից իրավաբանական ծառայություններից օգտվելուց հրաժարվելուն և նրանց դատարանի մատչելիության իրավունքի խախտմանը, ինչպես նաև իրավական խնդիրները ոչ իրավական ճանապարհներով լուծելուն, բ/ էլ ավելի կաճի Հանրային պաշտպանի գրասենյակ դիմող անվճարունակ քաղաքացիների թիվը, ինչով պարտադրված պետության վրա կընկնի լրացուցիչ բեռ՝ նախատեսել Հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող խմբերի առավել լայն շրջանակ։

3. Վերջապես, իրավաբանական/փաստաբանական գործունեությունն առաջին հերթին իրավապաշտպան գործունեություն է, որի հասանելիությունը իրավական պետության կայացման համար հիմնաքարային հարց է։ Իրավաբանական/փաստաբանական ծառայությունների թանկացման արդյունքում պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններից օգտվելու անհնարինության և իրավական խնդիրները ոչ իրավական ճանապարհներով լուծելու արդյունքը իրավական պետություն կառուցելու ճանապարհին մեծ հետքայլ կլինի Հայաստանի Հանրապետության համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, նախագծից հանել։

Ներբեռնել