Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

24.02.2025

2025 թվականի փետրվարի 6-ին Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տեղադրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի որոշ դրույթներ խնդրահարույց են, ինչի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև․

Նշված նախագծով առաջարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Անկանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են սահմանվել գործարքի իրականացման հավելյալ պայմաններ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»։ 

Որպես կատարվող փոփոխության հակիրճ հիմնավորում հեղինակը նշել է, որ «սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից  համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսավորման աղբյուրից, որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալներ։»

Տվյալ նախագծի վերաբերյալ առկա է մի քանի դիտարկում, որոնք վերաբերում են նախագծի հեղինակին, հիմնավորվածությանն ու որոշակիությանը և բժշկական գաղտնիքի պահպանմանը։

1 Նախագծի հեղինակը․ Համաձայն e-draft.am կայքէջի քննարկվող նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հարկ է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ նախագիծը կապված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «4.5 Առողջապահություն», «6.8 Հարկաբյուջետային քաղաքականության» և «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժիններին։ Միաժամանակ յուրաքանչյուր նախարարության լիազորությունների շրջանակը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածով։ Համաձայն դրա՝ նշված ոլորտներում քաղաքականության մշակումը պատկանում է Առողջապահության նախարարությանը և Ֆինանսների նախարարությանը։ Գտնում ենք, որ նշված նախագծի մշակումը չի բխում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից և դուրս է Պաշտպանության նախարարության գործառույթներից։

2. Հիմնավորվածություն և որոշակիություն․ Նախագծով առաջարկվող փոփոխության տեքստը բավականին ընդհանրական է գրված և հիմնավորման նպատակի համեմատ շատ լայն է։ Ըստ նախագծի հիմնավորման փոփոխությամբ առաջարկվող նպատակը առողջապահության ոլորտում կատարվող վճարումների համար որոշակի հսկողություն սահմանելն է՝ կատարվող վճարումների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ տվյալներ ստանալու եղանակով։ Սակայն օրենքի փոփոխության նախագծի մեջ դա հստակ նշված չէ և հետագայում Կառավարությունը կարող է վճարային քարտերով այլ ոլորտներում կատարվող վճարումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության ստացման կարգ սահմանել։ 

3 Բժշկական գաղտնիքի պահպանումը․ Առաջարկվող կարգավորումը որոշակի առումով կարող է առաջացնել անձնական տվյալների, մասնավորապես՝ բժշկական գաղտնիք կազմող տվյալների լրացուցիչ միջամտության հավանականություն։ Ներկա պահին պետությունը տեղեկատվություն ստանում է այն բժշկական ծառայությունների վերաբերյալ, որոնք կատարվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակում։ Առաջարկվող կարգավորումից հետո, եթե Կառավարությունը սահմանի լրացուցիչ տվյալների ցանկ, կստացվի, որ ցանկացած բժշկական ծառայության համար անկանխիկ վճարում կատարելիս, պետությունը կարող է ստանալ տվյալ թե բանկային հաշվեհամարի տերը որ բուժհաստատությունում ինչ բժշկական սպասարկում է ստացել։ Այսինքն` անձի սեփական միջոցներով կատարված բժշկական սպասարկման մանրամասները հայտնի են դառնում նաև այլ շրջանակի, ինչը համարվում է օրենքով և այլ իրավական ակտերով պաշտպանվող տվյալների լրացուցիչ հավաքագրում ու իրավունքների միջամտություն։

Առաջարկում ենք դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը, տվյալ իրավական ակտի  անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նախարարության հետ և հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։   

 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Ներբեռնել

Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

24.02.2025
Մի խումբ համախոհ կազմակերպություններով հանդես ենք եկել առաջարկություններով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ։ Ըստ նրանց՝ օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։ ՀԿ-ները առաջարկում են դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը, տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նարարության հետ և հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական տվյալների պաշտպանության հարցում։

Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը

12.02.2025
Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը, որը ներկայացնում է 2024 թվականին քաղաքացիական հասարակության միջավայրի տարբեր ոլորտներում առկա զարգացումները, խնդիրները և առաջարկությունները։ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջավայրի ընդհանուր գնահատականը մնացել է անփոփոխ՝ համեմատած 2023 թվականի հետ։ Առաջնահերթ խնդիրներն ու մարտահրավերները նույնպես շարունակում են արդիական մնալ։

2-րդ տեղեկատու, 2024

30.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը շնորհավորում է ձեր Ամանորը, մաղթում խաղաղ և ստեղծարար տարի։ Միաժամանակ ձեզ ենք ներկայացնում և ամփոփում 2024-ի երկրորդ կեսին մեր կատարած աշխատանքի տեսանելի մասը։

Իրավունքը բոլորի համար. սեղանի ուսուցողական խաղ

26.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մշակել է «Իրավունքը բոլորի համար» խաղը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը, հաղորդել գիտելիքներ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական կյանքում ներագրավվելու ուղիների վերաբերյալ։ Խաղն ունի հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ իրավունքի իմաստն ու դերը, ժողովրդավարության հիմնարար արժեքները,  մարդու իրավունքները և դրանց պաշտպանության մեխանիզմները, պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, կուսակցությունների, շահերի խմբերի, հասարակական շարժումների գործառույթները մարդու իրավունքների ոլորտում, ընտրությունները, պետական իշխանության ճյուղերը և վարչական, քաղաքացիական (ընտանեկան և աշխատանքային իրավունք) և քրեական վարույթներ։

ԻԶՊՀ-ի հանրագրի առաջարկն ընդգրկվել է օրենսդրական նախագծերում

04.10.2024
Ամիսներ առաջ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով էլեկտրոնային հանրագիր էր ներկայացրել։ Ինչպես տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից, Հանրագրով կատարված առաջարկն ընդգրկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Ըստ ԻԶՊՀ-ի՝ այս փոփոխությունը կարևոր է նաև դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից. «Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վարույթի հրապարակային բնույթըդատավարության մասնակիցներին պաշտպանում է արդարադատության գաղտնի իրականացումից՝առանց հանրության կողմից հսկողության. այն նաև այն միջոցներից մեկն է, որոնց միջոցով կարող էպահպանվել դատարանների հանդեպ վստահությունը»: 

Խտրականության դեմ օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

02.08.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Դատարանը ճանաչել է դատապարտյալի ՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով բնակության վայր մեկնելու իրավունքը

12.07.2024
Հուլիսի 2-ին դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել էմեր շահառուի բողոքը (գործի համար՝ ԵԴ1/0517/15/24)՝ պարտավորեցնելով քրեակատարողականհիմնարկին վերացնել դատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնումտրամադրելու իրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրելօրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝ անչափահասերեխային տեսակցելու նպատակով: 

ՏԵՂԵԿԱՏՈՒ

11.07.2024
Այս տեղեկատուի միջոցով ամփոփում ենք 2024-ի առաջին ամիսներին մեր կատարած աշխատանքի մի մասը՝ օրենսդրության ուսումնասիրություն, հայտարարություններ, ռազմավարական դատավարություններ, հանրային քննարկումներ և հարցազրույցներ, հաջողության պատմություններ։

«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը` հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը, հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները, տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

09.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ը իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։