Նա նշել է, որ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների հայտնաբերած առավել էական 56 խախտումների վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել 20 տարածքային ընտրական հանձնաժողովներին։ Շուրջ 21 միջադեպերի վերաբերյալ տեղեկություն է ներկայացվել Գլխավոր դատախազություն՝ համապատասխան ապացույցներով։ «Ըստ մեր գնահատման՝ դրանք պարունակել են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Սրանց շարքում են եղել ընտրողների ուղղորդման, վերահսկվող քվեարկության, քվեարկության գաղտնիության և դիտորդների իրավունքների խախտման դեպքեր»,- ասել է Պետրոսյանը։
Անդրադառնալով բողոքարկման գործընթացին՝ Պետրոսյանը ասել է․ «Մենք նախընտրությունը հիմնականում տալիս ենք վարչական ընթացակարգին, որպեսզի, հաշվի առնելով որոշումների կայացման և ընտրության արդյունքների ամփոփման սահմանափակ ժամկետները, հնարավորինս շուտ այդ տեղեկությունները հասու դառնան տարածքային և կենտրոնական հանձնաժողովներին։ Դրանք պետք է դառնան քննության առարկա, ապացույցները ներկայացվեն, հետազոտվեն, և լավագույն տարբերակում գնահատվի նաև այդ խախտումների ազդեցությունը ընտրության արդյունքների վրա։ Այլ բան է, որ պրակտիկայում, ըստ էության, քննություն և ապացույցների հետազոտում չի իրականացվում, և ընտրական վարչարարությունը ֆորմալ բնույթ է կրում»։