Ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

06.01.2022

 2022թ. հունվարի 5-ին նախագահ Տոկաևի կողմից բանավոր դիմում է ներկայացվել ՀԱՊԿ` իրավիճակը հաղթահարելու նպատակով աջակցության ակնկալիքով: Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց զինված ուժեր ուղարկել այդ երկիր, և դրա մունետիկը եղավ տվյալ պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և պաշտոնական սոցիալական հարթակներում՝ ասոցացնելով նման որոշումը Հայաստանի Հանրապետության հետ։

Արդեն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զորք ուղարկել Ղազախստան՝ ներքաղաքական գործընթացներին ներգրավվելու նպատակով։ Մինչդեռ նույն ՀԱՊԿ-ը ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետության դեմ արտաքին ագրեսիան վերացնելու ուղղությամբ։

2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։

ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը՝ այդ երկրի բնակչության արդարացի ցասման դեմ գործողություններին և մարդու իրավունքների հնարավոր խախտումներին մասնակցությամբ զգալի և անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին՝ իր համապատասխան հետևանքներով։ Մյուս կողմից այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի և նաև հարակից երկրների բազմահազար հայության համար, ընդ որում՝ զարգացման ցանկացած սցենարի պարագայում։

Որևէ երկրի ժողովուրդ ինքը պետք է ընտրի իր իշխանություններին, և ոչ մի այլ երկիր չունի լեգիտիմ իրավունք խառնվելու ներքաղաքական կյանքին։ Հայաստանի զինված ուժերը այսօր իրենց առաքելությունն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանության գործում և չպետք է ի սպաս դրվեն Հայաստանի անվտանգության սպառնալիքներին անտարբեր և Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին։

Դատապարտու՛մ ենք ՀՀ կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը։

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։

Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնություների աջակցման կենտրոն ՀԿ

Հայաստանի կանանց նախաձեռնություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի

Ներբեռնել

Ոստիկանության գործողությունները պետք է քննվեն

29.04.2023
ՀԿ-ներն անդրադարձել են վերջերս տեղի ունեցած դեպքերի ընթացքում ոստիկանության վարքագծին` պատկան մարմիններից պահանջելով քննել դրանք «Պոլիգրաֆ» տեխնոակումբի և կինոռեժիսոր Կարեն Հակոբյանի բարձրաձայնած տեղեկությունների համատեքստում։

ՀԿ-ները դատապարտում են Ալեն Սիմոնյանի պահվածքը

05.04.2023
ՀԿ-ները խստորեն դատապարտում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը և պահանջում Ազգային Ժողովի պատգամավորներից և հատկապես քաղաքական մեծամասնությունից ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը:

Հայտարարություն՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների

09.03.2023
Սույն թվականի մարտի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել մասշտաբային բողոքի խաղաղ ակցիա, որն անցկացվում էր, այսպես կոչված, «Ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Չնայած մի շարք միջազգային կազմակերպությունների և հարևան երկրի քաղաքացիական հասարակության այդ օրենքի վերաբերյալ բացասական գնահատականի՝ Վրաստանի խորհրդարանն, այդուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

Մնացական Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելն անթույլատրելի է

30.01.2023
2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է ԲԴԽ-8-Ո-26 որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի վերոնշյալ որոշումը անընդունելի է և Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը դատապարտելի: Պատճառների մասին կարդացեք ամբողջական տեքստում։

Հայաստանյան ՀԿ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին

01.12.2022
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։

ԲԴԽ կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

24.11.2022
Այս հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են Բարձրագույն դատական խորհրդի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը։ Նա վճիռներ է կայացրել քաղաքական հնչեղ գործերով, ազատազրկման դատապարտել քաղաքական բանտարկյալների։

Պահանջում ենք քննարկել շահերի բախման պահանջների խախտման հարցը

10.10.2022
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսևորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը և շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը:

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություններն անընդունելի են

22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: