Գենյա Պետրոսյան

Գենյա Պետրոսյանը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի համահիմնադիրն է և տնօրենը։  Նա քաղաքացիական և վարչական գործերով մասնագիտացած իրավաբան-փաստաբան է, որը մի շարք գործերով դիմումներ է ներկայացրելնաև ՍԴ և ՄԻԵԴ։ 1998-2002 թթ.-ին Գենյա Պետրոսյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2002-2004 թթ.-ին՝ նույն ֆակուլտետի և Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում։ Նա երկար տարիներ աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 2012-2014 թթ.-ին եղել է Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, 2014-2015 թթ.-ին՝ առաջին տեղակալը։ Այնուհետև Գ. Պետրոսյանը իր գործունեությունը շարունակել է քաղաքացիական հասարակության դաշտում՝ մասնավորապես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ում՝ մասնակցելով 2015 թ.-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի, ինչպես նաև 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկման ծրագրերին, որոնք իրականացվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում։ 2018 թ.-ի դեկտեմբերից նա մասնակցել է «Ականատես» դիտորդական առաքելության ընտրական ծրագրերին՝ համակարգելով ընտրությունների բողոքարկման աշխատանքները։ Այս ողջ ընթացքում նա զբաղվել է ակտիվ փաստաբանական գործունեությամբ։ Գ. Պետրոսյանը նաև տարբեր ձեռնարկների և հետազոտությունների համահեղինակ է։

Արուսյակ Ջուլհակյան

Արուսյակ Ջուլհակյանը  Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հիմնադիրներից է։ Արուսյակն իր սկզբնական կրթությունը ստացել է հանրային կառավարման ոլորտում՝ 2003 թ.-ին ավարտելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005 թ.-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2010 թ.-ին նա ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ մարդու իրավունքներ մասնագիտացմամբ։ 2005-2013 թթ.-ին մարդու իրավունքներ է դասավանդել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2007-2009 թթ.-ին՝ Տնտեսագիտության եւ իրավագիտության համալսարանում։ 2011-2014 թթ.-ին եղել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ: 2014-2018 թթ.-ին աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի մի շարք ծրագրերում՝ այդ թվում մասնակցելով 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկող առաքելության իրավական աշխատանքներին և «Հանրային վերահսկողություն 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրին։ 2018 թ.-ի սեպտեմբերի 23-ից մինչև 2019 թ.-ի հունվարը եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք), Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, իսկ 2021 թ-ի հունիսի 20-ին «Քաղացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Դավիթ Գյուրջյան

Դավիթ Գյուրջյանը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հիմնադիրներից է։ Նա քրեական, վարչական և քաղաքացիական գործերով մասնագիտացած իրավաբան-փաստաբան է, որը մի շարք գործերով դիմումներ է ներկայացրել ՍԴ և ՄԻԵԴ։ 2007-2011 թթ.-ին  ուսանելէ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2014-2016 թթ.-ին սովորել է նույն համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2015-2018 թթ.-ին Դավիթը աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունում՝ վարելով կազմակերպության շահառուների գործերը։ Դավիթը մասնակցել է 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտարկման աշխատանքներին՝ դիտորդների վերապատրաստման դասընթացներ անցկացնելով, ինչպես նաև նրանց իրավունքները ներկայացնելով իրավապահ մարմիններում և տարբեր դատական ատյաններում։ 2017-2018 թթ.-ին եղել է «Հանրային վերահսկողություն 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրի իրավաբան-փորձագետներից՝ մասնակցելով դիտորդական գործընթացին առնչվող իրավական գործընթացներին։ 2018 թ.-ի սեպտեմբերից Դավիթը մասնակցում է «Ականատես» դիտորդական առաքելության իրավական աշխատանքներին։ Նա «Իմացիր քո իրավունքները. ուղեցույց ընտրողների համար» ձեռնարկի, ինչպես նաև մի շարք իրավական հետազոտությունների համահեղինակներից է։ Որպես փորձագետ, ինչպես նաև ծրագրերի համակարգող՝ նա  մասնակցում է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավահետազոտական ծրագրերին։ Նա նաև վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ է։

Դիաննա Աթոյան

Դիաննա Աթոյանը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հիմնադիրներից է, իրավաբան-փաստաբան։ Նա 2009-2013 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013-2017 թթ.-ին՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2018-2019 թթ.-ին սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում՝ ստանալով փաստաբանի գործունեության արտոնագիր։ 2014 թ.-ի սեպտեմբերից նախ որպես փորձնակ, ապա որպես իրավաբան աշխատել է «Եգոր սիստեմ» իրավաբանական ընկերությունում՝ զբաղվելով քաղաքացիական գործերով, 2014-2018 թթ.-ին՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ում։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում մասնակցել է 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտարկման աշխատանքներին, ինչպես նաև 2017 թ.-ի «Հանրային վերահսկողություն 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրին։ Մասնակցել է «Ականատես» դիտորդական առաքելության՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրության դիտորդության իրավական աշխատանքներին, հատկապես բողոքարկմանը։ Դիաննան «Իմացիր քո իրավունքները. ուղեցույց ընտրողների համար» ձեռնարկի համահեղինակներից է։ 2019 թ-ի հունվարից մինչ օրս աշխատում է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։

Երանուհի Թումանյանց

Երանուհի Թումանյանցը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հիմնադիրներից է։ Երանուհին իրավաբան-փաստաբան է՝ մասնագիտացած քաղաքացիական և վարչական գործերով: Նա բազմաթիվ դիմումներ է ներկայացրել ՍԴ և ՄԻԵԴ։  2002-2007 թթ.-ին նա իրավաբանություն է սովորել Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտում, 2008-2010 թ.-ին՝ Երևանի Մանց համալսարանի մագիստրատուրայում։ 2018 թ.-ի օգոստոսին Երանուհին պաշտպանել է գիտական ատենախոսություն «Ինքնուրույնության սկզբունքը դատական իշխանության համակարգում՝ սահմանադրական բարեփոխումների համատեքստում» թեմայով՝ 2019 թ.-ի ապրիլին ստանալով գիտությունների թեկնածուի կոչում։ Նա գիտական հոդվածների հեղինակ է, իրավաբանական տարբեր ձեռնարկների համահեղինակ։ 2016 թթ.-ից աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Պաշտպանի խորհրդականի և տեղակալի։ 2017 թ-ին Երանուհին որպես իրավաբան մասնակցել է «Հանրային վերահսկողություն 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրին և ներկայացրել դիտորդական առաքելության մասնակիցների իրավունքները դատարաններում։ 2018 թ.-ի սեպտեմբերից մինչև 2021 թ-ը  որպես իրավաբան մասնակցել է «Ականատես» դիտորդական առաքելության իրավական աշխատանքներին՝ խորհրդատվություն տրամադրելով դիտորդներին և զբաղվելով հայտնաբերված խախտումների բողոքարկմամբ։ Որպես փորձագետ՝ մասնակցել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տարբեր ծրագրերին։ 2021 թ-ի սեպտեմբերի 30-ին նշանակվել է ՀՀ  արդարադատության նախարարի տեղակալ։

Ռիմա Գրիգորյան

Ռիմա Գրիգորյանը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հիմնադիրներից է։ 2009-2013 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում, 2013-2015 թթ.-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2013-2015 թթ.-ին աշխատել է «Ի լուր» լրատվական-վերլուծական կայքում՝ վարելով «Հարցազրույց Հայաստանի հետ» շարքի հարցազրույցները, իսկ 2015-2016 թթ.-ին «Համբարձում» կայքում։ 2015 թ.-ի հոկտեմբերից Ռիման որպես հանրային կապերի պատասխանատու աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ում։  2018 թ.-ի հունիսից մինչ 2019 թ.-ի հուլիսը նա աշխատել է Լեզվի կոմիտեում՝ որպես նախագահի օգնական։ 2019 թ-ի հուլիսից մասնակցել է Հիմնադրամի հաղորդակցության կազմակերպման աշխատանքներին։ Որպես խմբագիր և հետազոտող՝ նա  ա շարունակում է իր մասնագիտական գործունեությունը՝ մասնակցելով հայերենի ծառադարանի աշխատանքներին և խմբագրելով տարբեր տեքստեր։