Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022

24.08.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից քննարկման է ներկայացվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող նշված իրավակարգավորումն իրավաչափ չէ Սահմանադրությամբ 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների տեսանկյունից։

Հասկանալի է, որ զինվորական ծառայությունը ընդհանրապես և ուսումնական կարճաժամկետ փուլից հետո ենթադրվող հնարավոր սահմանապահ ծառայության իրականացումը մասնավորապես հղի են զինծառայողի կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով։

Այս իրողության համատեքստում նշված իրավակարգավորման ընդունման պարագայում առավել վտանգավոր պայմաններում (ուսումնական փուլին հաջորդող) զինծառայություն իրականացնելու քաղաքացու պարտականությունը առկախվում է բացառապես նրա կամ ավելի հաճախ նրա ընտանիքի գույքային դրությունից։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին, կախված գույքային կարողությունից, կստանա կամ չի ստանա հնարավորություն՝ նվազեցնելու իր կյանքի և առողջության հիմնարար իրավունքներին սպառնացող վտանգները։

Նման պայմաններում ստեղծվում է իրավիճակ, երբ, օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված, չհիմնավորված տարբերակում է դրվում միևնույն կարգավիճակ (զինապարտության) ունեցող անձանց միջև, ինչը ենթակա է որակման որպես պետության կողմից իր քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման դրսևորում։ Այս մոտեցումը նաև անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակությունում սոցիալական արդարության և դրա ընկալման նվազմանը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացմանը՝ իր բոլոր հետևանքներով, այդ թվում՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքների/հնարավորությունների տեսանկյունից։

Հիմք ընդունելով նշված դիտարկումները՝ առաջարկում ենք խնդրո առարկա իրավակարգավորումը հանել նախագծի տեքստից։

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: