Հայտարարություն. չհրաժարվե'լ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից

14.01.2025

2025 թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նման առաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։ 

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս պնդում ենք, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել հնարավոր չէ, քանի դեռ ձևավորված և իրագործված չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխող, խախտված իրավունքների վերականգնումը երաշխավորող մեխանիզմներ։ Առանց նման մեխանիզմների հնարավոր չի լինի ոչ միայն կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները, այլև վերացնելու մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությունը։ Առանց մարդու իրավունքները հիմքում ունեցող համապարփակ գործընթացի խաղաղությունն ինքնին զուրկ է իրական բովանդակությունից և չի կարող երաշխավորված լինել երկարաժամկետ կտրվածքով։  

Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների կատարման։

Սույնով պնդում ենք, որ՝

  • Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված  հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ։ 
  • ՀՀ ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) միջպետական գանգատներից հրաժարվելը կհանդիսանա  Կոնվենցիայով ստանձնած այս պարտավորության խախտում։
  • Ռասայական խտրականության արգելքը ճանաչված է որպես jus cogens, որը ստեղծում է erga omnes պարտավորություններ, որից որևէ վերապահում կամ շեղում չի թույլատրվում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների իրականացվող հետևողական և շարունակական լայնածավալ հայատյաց քաղաքականությունը, խտրականություն ու ատելություն պարունակող հրապարակային հայտարարությունները, որոնք շարունակում են հնչել անգամ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի  ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած պարտավորության խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն»։ 
  • Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար, ինչպես նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված հայատյացության պետական քաղաքականություն վարելու և ռասիստական պետություն ճանաչվելուց։

ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴում վերաբերում են հարյուր հազարավոր անձանց մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է էթնիկ ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։ 

Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու  և այլ հիմնարար իրավունքների խախտումների։ ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկը վերաբերում է հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։ ՀՀ վարչապետն իր առաջարկում ներկայացրել է  «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը», այս պայմաններում միջազգային իրավական գործընթացները միակ արդյունավետ միջոցն են ապահովելու Արդբեջանում պահվող հայազգի անձանց իրավունքները։ Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը անհապաղ և առանց որևէ նախապայմանների բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ու հայրենադարձելու ուղղությամբ։ 

Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր չեն քննարկվում։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու  որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականության արտացոլումն է հայերին և հայկական պետությունը որպես ֆաշիստական որակումը և ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։ Այս քաղաքականությունը լրացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և սեփական պետությունում ապրելու իրավունքի  դեմ։  

Հայաստանի իշխանությունները առաջնային պարտավորություն ունեն պաշտպանելու ՀՀ քաղաքացիների և իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից, ինչպես նաև կանխելու խախտումներին հանգեցնող սպառնալիքները։ Միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները միտված են ՀՀ այս պարտավորության կատարմանը, և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով, նշանակում է հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, մենք վստահ ենք, որ ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի  միջազգային, այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացրած Ժնևի կոնվենցիաներով և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է։ 

Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, այն անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝

  • ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի  ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումները և էթնիկ զտումը։
  • ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարմամբ ՀՀ իշխանությունների կողմից կնշանակի ընդունել ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը ոչ միայն հենց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք․ 

  • ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,
  • շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ
  • հրաժարվել  ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Փոփոխություն» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն 

Փինք իրավապաշտպան ՀԿ

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն (Արցախ միություն) ՀԿ

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ

«Արբանե» հիմնադրամ

 

Ներբեռնել

ՔՀԿ-ների հայտարարությունը ՀՀ - ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

20.01.2025
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։  Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես կնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ 

Հայտարարություն. չհրաժարվե'լ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից

14.01.2025
2025 թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն ևԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլառաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նմանառաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույնհայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից ևվարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմմիջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։ 

Աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ

09.01.2025
Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր աջակցությունը օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ, իսկ շաբաթական` 40-ից 35 ժամ։ Այս նախաձեռնությունը կարեւոր է որպես աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի ամրապնդում, առաջնահերթություն տալով աշխատողների առողջությանն ու բարեկեցությանը։

ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

29.11.2024
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ ՔՀԿ-ները խստորեն դատապարտում են մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը, Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽանդամ ընտրելուց։

ՀԿ-ների հայտարարությունը տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

12.11.2024
ԻԶՊՀ-ն միացել է ՀԿ-ների հայտարարությանը, որով ստորագրողները անդրադառնում են տեսահսկման համակարգերի տեղադրմանն առնչվող ՆԳՆ նախագծին, այն օրակարգից հանելուն և փուլային լուծման տարբերակին։ Ողջունելով նախագծի սառեցումը՝ ՀԿ-ները կարծում են, որ առաջարկվող փուլային լուծումը ևս խնդրահարույց է՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության մարտահրավերները։ ՀԿ-ները նաև պատրակաստակամություն են հայտնել մասնակցելու կատարվելիք աշխատանքներին՝ կարևորելով նման նախաձեռնություններին լայն հանրության մասնակցությունը։

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան - ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

30.09.2024
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

14.06.2024
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։

Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

29.05.2024
2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։

Համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերի մասին

02.05.2024
Ապրիլի 30-ին ԻԶՊՀ-ն միացել է ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ուղարկած համատեղ զեկույցին, որում ներկայացվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:

Հայաստանի քաղհասարակության աջակցության նամակը վրացի գործընկերներին

05.04.2024
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։ Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։