Հայտարարություն եռակողմ բանակցությունների մասին

20.05.2021

2020 թվականի Արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից ղեկավարվող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը չեն վայելում հանրային այն վստահությունը, որը ձեռք էին բերել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այն, որ ընտրություններից ընդամենը 2.5 տարի հետո երկիրը անցնում է քաղաքական ցնցումների միջով և հարկադրված է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրա վկայությունն է: 

Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ կառավարության և պետական այլ մարմինների կողմից հանրությանը չի տրամադրվել ճշգրիտ տեղեկատվություն՝ հանգեցնելով ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմանը, ինչն առավել խոցելի է դարձրել հանրությանը և արդարացիորեն խորացրել անվստահությունը պետական հաստատությունների և իշխող քաղաքական ուժի նկատմամբ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ։ Ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, Փաշինյանը չի կարող ընդունել Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը Հայաստանի շահերին` դրանք անվանելով «հայտարարություն» և դրանով հանդերձ խուսափելով միջազգային պայմանագրերին միանալու համար սահմանված պատշաճ իրավական գործընթացից:

Ընդ որում, հարկ ենք համարում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Փաշինյանին հիշեցնել, որ ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով: Եթե տարածքային զիջումները կամ որևէ այլ պայմանավորվածություններն իրականացվում են հարկադրաբար, ապա նաև տեղեկացնում ենք, որ ՀՀ կողմից վավերացված Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 51-52-րդ հոդվածների համաձայն պետության ներկայացուցչին հարկադրելու և ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը հարկադրելու եղանակով ձեռքբերված պայմանավորվածությունները համարվում են առոչինչ:

Ելնելով վերոնշյալից, մենք՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱՆՀԱՊԱՂ՝

1. Հանրությանը հասանելի դարձնել բանակցվող փաստաթղթի ամբողջական նախագիծը.

2. Ներկայացնել, թե`

● ինչպիսի արդյունքների է հանգել Ադրբեջանի զինված ստորաբաժանումների Հայաստան ներխուժման խնդիրը ՀԱՊԿ-ի առջև հարցը բարձրացնելուց հետո, և ինչ քայլեր են ձեռնարկվում վերջինիս կողմից.

● ինչ քայլեր են արվել առհասարակ Արցախյան պատերազմից հետո ծագած, այդ թվում՝ գերեվարված անձանց արձակման հարցերը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնելու առումով.

● ինչ քայլեր են մինչ օրս արվել քաղաքական ու ռազմական գործընկերների դիվերսիֆիկացումն ապահովելու ուղղությամբ և ինչ ընթացք է տրվել Հայաստանի շահերին սատարող մի քանի երկրների կողմից հնչեցված քաղաքական ու ռազմական աջակցության առաջարկներին.

● Ինչ քայլեր են արվում երաշխավորելու համար առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև ՀՀ և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականության գաղտնի գործընթացները բազմիցս են մարտահրավերներ ստեղծել մեր պետության համար: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի, և հետայսու որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին և ընդունի պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ՝ նեղ անձնական կամ խմբակային շահերից ելնելով:

Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանանշմանը, այն կարող է իրավական համարվել միմիայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչների ներգրավմամբ՝ միջազգային իրավունքի նորմերով ամրագրված իրավական գործընթացների շրջանակներում։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ներբեռնել

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

08.02.2022
Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։

Ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

06.01.2022
2022 թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: