Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։


Ադրբեջանը սանձազերծեց այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Եվրահանձնաժողովի միջնորդությամբ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից գրեթե երկու շաբաթ անց։ Հարձակումը ոչ այլ ինչ է, քան ագրեսիա, որը հաջորդել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ տարածվող ապատեղեկատվությանը, թե իբրև Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Նմանատիպ հարձակում կարելի է ցանկացած պահի ակնկալել Լեռնային Ղարաբաղի վրա՝ հաշվի առնելով այս ուղղությամբ շարունակվող ապատեղեկատվական արշավը։ Այս ագրեսիան անսպասելի չէ՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի անպատժելիությունը և 2020 թվականից հետո տեղի ունեցող իրադարձություններին միջազգային հիմնականում չեզոք արձագանքը, ներառյալ՝ Բաքվի գործողությունների դատապարտման բացակայությունը։ Գազի մատակարարման վերջին համաձայնագիրը, որը ԵՄ-ն ստորագրեց Ադրբեջանի հետ, միայն ամրապնդեց Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Ադրբեջանը, հավանաբար, փորձում է թուլացնել Հայաստանը և հասնել իր ինքնիշխանության ներքո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Այս հարձակումը նպատակ ունի նաև ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության պահանջից։ Նաև, ըստ պաշտոնական Բաքվի, հարձակումը նպատակ ունի ոչնչացնել հայկական ռազմական օբյեկտները Հայաստանի տարածքում՝ ժխտելով Հայաստանի ինքնապաշտպանության օրինական իրավունքը:

Այս համատեքստում վճռորոշ է համարժեք և անզիջում միջազգային արձագանքը իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելին՝ Բաքվի գործողությունները պարզապես դատապարտելուց զատ, ժամանակն է դրսևորել վճռականություն և հստակ խոսել շարունակական ագրեսիայի հետևանքների մասին, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների միջոցով։ Պատերազմի ավարտից ի վեր մենք կոչ ենք արել ապահովել տարածաշրջանում ավելի մեծ միջազգային ներգրավվածություն և ներկայություն, որպեսզի փորձենք կանգնեցնել հակամարտության կարգավորման հարցում ավտորիտար Բաքվի ռազմատենչ մոտեցումը: Այժմ սա անհրաժեշտ է, առավել քան երբևէ: Մենք նաև կոչ ենք արել իրականացնել քաղաքացիական դիտորդական առաքելություն երկու երկրների սահմանի երկայնքով, և դա շարունակում է արդիական լինել ապատեղեկատվական արշավների և Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո: Մենք անհանգստացած ենք, որ առանց համապատասխան միջոցների, ներկա իրավիճակը ոչ միայն կվատթարացնի հայերի մեկուսացումը և հումանիտար վիճակը Լեռնային Ղարաբաղում, այլև կխրախուսի Բաքվին դիմել ուժի կիրառմանը և այնտեղ ապրող բնիկ հայերին էթնիկ զտումների ենթարկելու իր նպատակին հասնել: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական և միասնական հակազդեցություն ստանա Արևմուտքից։


Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա- Վանաձորի գրասենյակ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հայտարարություն՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների

09.03.2023
Սույն թվականի մարտի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել մասշտաբային բողոքի խաղաղ ակցիա, որն անցկացվում էր, այսպես կոչված, «Ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Չնայած մի շարք միջազգային կազմակերպությունների և հարևան երկրի քաղաքացիական հասարակության այդ օրենքի վերաբերյալ բացասական գնահատականի՝ Վրաստանի խորհրդարանն, այդուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

ՄԻԵԴ վճիռների վերլուծություն. մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք. Հայաստան

25.01.2023
Հետազոտությունը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածից բխող՝ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման վիճակի գնահատմանը գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման բնագավառում՝ հատուկ շեշտադրելով լիազորությունների չարաշահումների դեմ բավարար երաշխիքների ապահովման խնդիրները։ Հետազոտության նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանը, քաղաքացիների անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի արդյունավետ իրացմանը, պետության կողմից գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման դեպքում չարաշահումներից պաշտպանող բավարար և արդյունավետ երաշխիքների և կառուցակարգերի ստեղծմանը:

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Ռազմական դրության ժամանակ կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության իրավունքների սահմանափակման ռիսկերի մասին

10.01.2023
ԻԶՊՀ այս կարծիքն անդրադառնում է 22.12.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր:

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.01.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կարծիքն անդրադառնում է 04.11.2022 թ.-ին Ազգային ժողով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր: Ըստ այդմ, կազմակերպություններն առաջարկում են վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

22.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։

Հայաստանյան ՀԿ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին

01.12.2022
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։

ԲԴԽ կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

24.11.2022
Այս հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են Բարձրագույն դատական խորհրդի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը։ Նա վճիռներ է կայացրել քաղաքական հնչեղ գործերով, ազատազրկման դատապարտել քաղաքական բանտարկյալների։