Ազգային ժողովն այս օրերին քննարկում է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. նախագիծ, որ անկյունաքարային նշանակության նոր կարգավորումներ է ներդնում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում։
Դեռևս 2022 թ.-ին ԻԶՊՀ-ն հետազոտություն էր կատարել այս բնագավառում՝ վեր հանելով օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և ներկայացնելով թիրախային առաջարկներ: Զեկույցը քննարկվել էր ՀՀ Արդարադատության նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Այնուհետև 2023 թ.-ի մարտին ԻԶՊՀ-ն ներգրավվեց «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, որի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ:
Անժառանգ գույքի բռնագանձում
Նախագծով հնարավոր է դառնում անժառանգ գույքի բռնագանձումը։ Եթե ներկայում անժառանգ գույքը առանց որևէ պարտականության անցնում է համայնքին, իսկ դատական ակտը մնում է չկատարված, ապա այժմ հնարավոր է հօգուտ պարտապանի կայացված դատական ակտը կատարել պարտատիրոջ անժառանգ գույքի հաշվին։ Ստեղծվել են մեխանիզմներ, որոնց միջոցով գույքը կարող է օգտագործվել պարտքը մարելու համար։ ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը նշում է, որ այս կարգավորումը էական նշանակություն ունի անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով դատական ակտի կատարման անհնարինության հիմքով կատարողական վարույթների ավարտվելու և դատական ակտերի անկատար մնալու բարձր ցուցանիշները։
Պարտավորությունը կատարելու խրախուսում
Նախագծով մեծամասամբ լուծվել է նաև կատարողական ծախսերի հաշվարկման ոչ տարբերակված համակարգի և բռնագանձված գումարի բաշխման հերթականության իրավաչափության հետ կապված խնդիրների մեծ մասը. ԻԶՊՀ-ն դրանք արձանագրել էր դեռևս 2022 թ.-ին իրականացված հետազոտության ընթացքում: Այսպես, սահմանվել է կատարողական ծախսերի հաշվարկման տարբերակված համակարգ, որով ծախսերի չափը պայմանավորված է ակտի կատարման ժամկետով և իրականացված գործողություններով. սա խրախուսում է պարտապանին կամավոր և սեղմ ժամկետներում կատարել դատական ակտով իր վրա դրված պարտավորությունը: Այնուամենայնիվ, Նախագծով ի սկզբանե կար մի կարգավորում, որը, ըստ էության, զրկում էր անձին դատական ակտը կամավոր և առանց լրացուցիչ ծախսերի կատարելու հնարավորությունից, քանի որ առկա չէին բավարար իրազեկման մեխանիզմներ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու և կատարման ենթակա դառնալու վերաբերյալ. արդյունքում պարտապանը զրկվում էր դատական ակտը որոշակի սեղմ ժամկետում կամավոր կատարելու հնարավորությունից՝ առանց հարկադիր կատարման ծախսերի վճարման պարտականության:
Նախագծում հնարավոր է դարձել փոփոխել նշված կարգավորումը՝ սահմանելով մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման դիմում ներկայացնելը պարտապանին ծանուցելու պարտականություն և դատական ակտը կամովին կատարելու հնարավորություն՝ առանց կատարողական ծախսերի, վճարների կատարման:
Ամփոփելով՝ հայտնենք, որ ԻԶՊՀ-ն շարունակում է ոլորտի՝ դեռևս բաց մնացած որոշ թեմաների ուսումնասիրությունը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նոր նախագիծը, դառնալով օրենք, արդյունավետորեն կկիրարկվի և կփոխի դատական ակտերի կատարման որակը։
«Արդար դատաքննության իրավունք. Դատական ակտերի հարկադիր կատարում» հետազոտությունը կատարվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։
Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանումարդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia #Ջուրեմոնիա, www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միությանտեսակետները: