Արդեն տևական ժամանակ է, ինչ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի գործունեության մաս է օրենսդրական նախագծերի մշտադիտարկումը, վերլուծությունը, խնդիրներ վեր հանելն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը։ Այս կերպ կազմակերպությունը փորձում է նպաստել մարդու իրավունքներից բխող օրենսդրության ստեղծմանը։ Հիմնադրամը հատկապես ակտիվ անդրադառնում է հետևյալ ոլորտների նախագծերին՝ դատական համակարգ, ընտրություններ, մարդու իրավունքներ, բաց կառավարում։
Վերջերս ՀՀ Կառավարությունն ամբողջությամբ ընդունեց դատարանների գործունեության վիճակագրության բովանդակային բարելավմանն ուղղված ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ ընդգրկելով դրանք «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրում։
Մինչ բուն առաջարկություններին անդրադառնալը նշենք, որ Բաց և թափանցիկ արդարադատության հանձնառության շրջանակում նախատեսվում է ներդնել «e-Court-statistics» վիճակագրական-վերլուծական գործիքը, որը ավտոմատ տարբեր արժեքավոր տվյալներ կգեներացնի ինչպես դատական, այնպես էլ մինչդատական վարույթում առկա գործերի մասին։ Ինչպես բխում է գործողությունների ծրագրից, սա իր հերթին դատարանների գործընթացները կդարձնի թափանցիկ ու հասանելի՝ այդպիսով նաև ավելի արդյունավետ դարձնելով դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը։
ԻԶՊՀ-ի առաջարկությունները ուղղված են դատական գործերի վերաբերյալ վիճակագրությունը հնարավորինս ամբողջական դարձնելուն՝ ներառելով այնպիսի տվյալներ, որոնք դատարանների գործունեության պատկերն ավելի լիարժեք և խոսուն կդարձնեն։
Այսպես, կազմակերպության առաջարկով վիճակագրության առարկա են դարձել քրեական գործերով դատական վարույթների բոլոր տեսակները։ Համապատասխանաբար լրամշակվել է գործողությունների ծրագրի «Բաց և թափանցիկ արդարադատություն» բաժնի «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության հակիրճ նկարագիրը՝ ներառելով քրեական գործերով դատական վարույթների ևս մի տեսակ՝ դատական երաշխիքների վարույթները։
Հիմնադրամի մյուս առաջարկությամբ նախագծում կատարված հստակեցման շնորհիվ հնարավոր կլինի պատկերացում կազմել գործերի քննության ողջ տևողության մասին։ Բանն այն է, որ մինչ փոփոխությունը գործի քննության տևողության վերհանմանն ուղղված ցուցիչները՝ նիստերի քանակն ու ժամաքանակը, թույլ չեն տալիս ստանալ գործի քննության ողջամիտ ժամկետի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Հարկ է հիշել, որ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումը ՀՀ դատական համակարգի հաճախադեպ խնդիրներից է։
Այսպիսով, փոփոխությունների շնորհիվ հանրությունը և բոլոր շահագրգիռ կողմերը կկարողանան տեսնել դատական գործերի քննության առավել ամբողջական պատկերը և, ըստ անհրաժեշտության, ուրվագծվող խնդիրները լուծելուն ուղղված քայլեր ձեռնարկել։
Օրենսդրական նախագծերի շուրջ աշխատանքն ԻԶՊՀ-ն իրականացնում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։