Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022

04.10.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ արդարադատության նախարարությունը: Սույնով ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը Նախագծում տեղ գտած որոշ կարգավորումների թերությունների վերաբերյալ:

Նախագծի 163-րդ կետը կարգավորում է կալանավորված անձի՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություն տրամադրելու իրավահարաբերությունները։ Ըստ այդմ, սահմանվում է, որ«(․․․) Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:(․․․։ Այսպիսով Նախագծի կարգավորումներից դուրս են մնացել կալանավորված անձի՝ իր հետ տեսակցության եկած, քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող, վերջինիս քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանի հետ տեսակցության վերաբերյալ իրավահարաբերությունները։ Նշված բացը խիստ խնդրահարույց է, քանի որ կարող է խոչընդոտել իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքի իրացումը՝ նախատեսված Սահմանադրությամբ։

Հատկանշական է, որ նույն իրավահարաբերությունը դատապարտյալի՝ պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակցության մասով կարգավորում ստացել է Նախագծի 300-րդ կետով։ Միևնույն ժամանակ կալանավորված անձի՝ ոչ միայն քրեական վարույթով իր պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու համար ներկայացած, այլ նաև այլ փաստաբանի հետ տեսակցելու իրավունքն ամրագրվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է․ «Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:(…):»

 

Հիմք ընդունելով նշվածը և հաշվի առնելով այն, որ Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը (այն հաստատող Կառավարության որոշումը) որպես ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ պետք է համապատասխանի օրենքներին, տվյալ դեպքում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին, ինչպես նաև կալանավորված անձի՝ քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի անխոչընդոտ իրացումը ապահովելու նպատակով

առաջարկում ենք

վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ

Ներբեռնել

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: