10.05.2023թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։
Նախագծով առաջարկվում է վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի համար նախատեսել հստակ և սեղմ դատավարական ժամկետներ, ինչը հեղինակի կողմից հիմնավորվում է գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված կարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ։ Ակնկալվում է, որ արդյունքում քննարկվող բնույթի վեճերը Վարչական դատարանում կքննվեն ավելի արագ, հայցի բավարարման դեպքում առավել արդյունավետ կիրականացվի անօրինական հիմքերով աշխատանքից ազատված աշխատողի խախտված իրավունքների վերականգնումը, ավելորդ մեծածավալ փոխհատուցման բեռ չի սահմանվի գործատուի համար, ինչպես նաև կբացառվեն քաղաքացիական և վարչական դատավարության կարգով քննվող աշխատանքային վեճերի պարագայում առկա ժամկետային տարբերությունները:
Լիովին համաձայն լինելով Նախագծով առաջարկվող լրացումների և դրա համար հիմք ծառայած՝ վերը նշված հիմնավորումների հետ՝ գտնում ենք, որ Նախագիծը թերի է, քանի որ չի կարգավորում վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքում Վարչական դատարանի կողմից կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության դատավարական ժամկետները վերադաս ատյաններում, հատկապես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։
Կարծում ենք, որ Նախագծի՝ առաջարկվող խմբագրությամբ ընդունվելու դեպքում դրանով հասեագրված խնդիրը լուծում չի ստանա՝ հաշվի առնելով վերաքննիչ ատյանում բողոքների քննության հստակ ժամկետներ սահմանված չլինելը և դրա հետ մեկտեղ գործնականում բողոքները բավականին երկար քննելու օբյեկտիվ իրողությունը։
Հատկանշական է, որ Նախագծով առաջարկվող կարգավորումների նմանօրինակ կարգավորումներ (հատուկ վարույթների տեսակներ) նախատեսված են նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.3-րդ և 31.5-րդ գլուխներով, որտեղ ևս սահմանված են համապատասխան վեճերի քննության համար հստակ, կարճ ժամկետներ, սակայն միևնույն ժամանակ օրենսգրքի 140-րդ հոդվածով իրավաչափորեն սահմանված են ավելի կարճ ժամկետներ նաև նշված գործերով քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։ Այս հանգամանքը ևս խոսում է խնդրո առարկա կարգավորումը լրացնելու անհրաժեշտության մասին։
Առաջարկություն
Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագիծը լրամշակել և նախատեսել լրացում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում, որով կսահմանվեն ավելի կարճ ժամկետներ նաև վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքով Վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։