Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Կարծիք «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

29.05.2022

2022 թ․-ի մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ է անդրադառնալ պաշտոն զբաղեցնող անձի` «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվելու» հարցին։

Նախագծի համաձայն՝ «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվել» է համարվում պաշտոն զբաղեցնող անձի՝ իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, եթե դա հանգեցնում է համապատասխան սուբյեկտների գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը։

Հարկ է նշել, որ նշված հետևանքները կարող են վրա հասնել նաև պաշտոն զբաղեցնող անձի անգործության հետևանքով, որը կրկին կարող է ինքնին անօրինական չլինել։ Այս խնդիրը կարող է ի հայտ գալ հատկապես պաշտոն զբաղեցնող անձանց կողմից որոշակի հայեցողական լիազորությունների կիրառման շրջանակում։ Հետևապես առաջարկում ենք համապատասխան իրավակարգավորումները լրամշակել՝ հիմք ընդունելով նշված դիտարկումը։