Որո՞նք են «Դատախազության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների խնդրահարույց կետերը

08.02.2023

17.01.2023 թ․ Կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ)։

Նախագծով, ի թիվս այլ կարգավորումների, առաջարկվում է կատարել գործող օրենքում հետևյալ փոփոխությունները, որոնք, կարծում ենք, խնդրահարույց են և հետադիմական, համեմատ «Դատախազության մասին» գործող օրենքի (այսուհետ` նաև Օրենք)  կարգավորումների։ Այսպես․

  1. Նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի (այսուհետ` նաև Հանձնաժողով) կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին։ Նշված փոփոխությունն, ըստ հեղինակի, պայմանավորված է նրանով, որ գործող կարգավորումների պայմաններում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովը առանցքային դերակատարում ունի դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման, ինչպես նաև դատախազների ատեստավորման գործընթացում, իսկ Արդարադատության ակադեմիան իրականացնում է դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը և դատախազների վերապատրաստումը:

 

  1. Նախատեսվում է Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը վերախմբագրել՝ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները արտահերթ կարգով ձևավորելիս վերացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից բարեվարքության վերաբերյալ եզրակացություն ստանալու պահանջը, իսկ Նախագծով սահմանված նոր խմբագրությամբ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում թվարկված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակների դեպքում՝ ըստ էության վերացնելով նաև Հանձնաժողովի դրական եզրակացության առկայության անհրաժեշտությունը (վերջին դեպքերում սահմանվում է պարզապես, որ դատախազը ցուցակում ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա` գլխավոր դատախազի հրամանով)։ Նշված փոփոխության որևէ հիմնավորում տեղ չի գտել Նախագծի ներկայացված հիմնավորումներում։

Առաջին կետում նշված փոփոխության վերաբերյալ, կարծում ենք, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի՝ Հանձնաժողովում ընդգրկվելու պարագայում շահերի բախման վերաբերյալ պատճառաբանությունը առնվազն ներկայացված փաստարկումների շրջանակում (ծանոթ ենք նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացված բանավոր հիմնավորումներին) չի հիմնավորվում, պարզ չէ հատկապես՝ ինչպիսի շահեր է յուրաքանչյուր կառույցին վերագրում հեղինակը, որոնց բախման մասին է խոսքը, առավել ևս, որ հենց հեղինակի և դատախազության ներկայացուցչի փաստարկումներով է արձանագրվում այն օբյեկտիվ իրողությունը, որ Արդարադատության ակադեմիայի գործունեության առաջնային նպատակն է հենց որակյալ կադրերի պատրաստումը/վերապատրաստումը, դրանցով այդ թվում դատախազական համակարգի ապահովումը, ինչը ավելի շատ հնարավոր է որակել որպես շահերի ընդհանրության, այլ ոչ դրանց բախման իրավիճակ։

Ինչ վերաբերում է երկրորդ կետում նշված փոփոխությանը, գտնում ենք, որ այս կարգավորումը ուղղակի հետադիմական է համեմատ գործող կարգավորմանը և հատկապես Կառավարության հայտարարած՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման և դրանում հետևողականության մոտեցում որդեգրելու համատեքստում։ Բացի դրանից՝ ինչպես նշվեց, հեղինակը, ի տարբերություն Նախագծում ընդգրկված այլ փոփոխությունների, այս փոփոխության մասով չի ներկայացրել որևէ փաստարկում ո՛չ գրավոր հիմնավորման մեջ, ո՛չ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Այդպիսիք չհանրայնացվելու դեպքում նաև հնարավոր չէ դատողություններ անել փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։

Առաջարկ

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նախանշված փոփոխությունները կատարելուց։

Ներբեռնել

Հստակեցնե՛լ դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները

21.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։

Կարգապահական պատասխանատվության որոշումների բողոքարկման մասին

30.08.2022
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով համանուն օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում:

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

15.04.2022
Կարծիք ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։

««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

08.04.2022
««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նոր կարգավորումներ է սահմանում նաև փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթների և հիմքերի առումով։ Կարծում ենք՝ անհրաժեշտություն կա որոշակիորեն հստակեցնելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթները՝ կախված թույլտրված ենթադրյալ խախտումների բնույթից։

Դատավորների անհամատեղելության պահանջի մասին

30.12.2021
ՀՀ արդարադատության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին հանրային քննարկման էր դրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Նախագծի ընդունմամբ առաջարկվում է սահմանել դատավորների անհամատեղելիության լրացուցիչ պահանջ, որի խախտումը հանգեցնելու է դատավորի լիազորությունների դադարեցման։

ՀՀ Սահմանադրության գործող կարգավորումների շրջանակներում վեթինգի իրականացման հնարավորության մասին

29.05.2020
Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող դատական համակարգը խորքային բարեփոխումների կարիք ունի։ 2019 թ. մայիսի 20-ի իր ելույթում, անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրների անհետաձգելի և հրատապ լուծման անհրաժեշտությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց վեթինգի օրակարգը։