Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Կարծիք «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

2022 թ․-ի մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ է անդրադառնալ պաշտոն զբաղեցնող անձի` «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվելու» հարցին։

Նախագծի համաձայն՝ «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվել» է համարվում պաշտոն զբաղեցնող անձի՝ իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, եթե դա հանգեցնում է համապատասխան սուբյեկտների գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը։

Հարկ է նշել, որ նշված հետևանքները կարող են վրա հասնել նաև պաշտոն զբաղեցնող անձի անգործության հետևանքով, որը կրկին կարող է ինքնին անօրինական չլինել։ Այս խնդիրը կարող է ի հայտ գալ հատկապես պաշտոն զբաղեցնող անձանց կողմից որոշակի հայեցողական լիազորությունների կիրառման շրջանակում։ Հետևապես առաջարկում ենք համապատասխան իրավակարգավորումները լրամշակել՝ հիմք ընդունելով նշված դիտարկումը։

ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում

«ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` քրեական և քրեական դատավարության օրենսդրության, ընտրական օրենսդրության բարեփոխումների, հավաքների ազատության, ԶԼՄ-ի, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում» ծրագրի նպատակն է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի, ինչպես նաև ընտրական օրենսդրության բարեփոխման, հավաքների ազատության, ԶԼՄ-ների, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության խթանումը` նշված համաձայնագրի կիրարկման մշտադիտարկման միջոցով:

Հիմնադրամը մշակել է հասցեական առաջարկություններ բոլոր վերոգրյալ բնագավառներում, որոնք, ընդունման դեպքում, պետք է հանգեցնեն տեղեկատվության ազատության ապահովման գործնական երաշխիքների ստեղծմանը, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բարեփոխմանը, ընտրական վարչարարության բարելավմանը: 

44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք աշխատանք

«Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների փաստագրում ու վերլուծություն» ծրագրի նպատակն է իրականացնել փաստահավաք առաքելություն Արցախի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների, մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքի նորմերի խախտումների արձանագրման, վերլուծության, ինչպես նաև դրանց վերաբերյալ զեկույցների կազմման համար։ 

Ծրագիրն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։

Տեղեկատվության ազատության խթանումը Հայաստանի Հանրապետությունում

Ծրագրի հիմնական նպատակն է եղել ուսումնասիրել և վեր հանել տեղեկատվության ազատության ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները և առաջարկել համապարփակ լուծումներ։ Բացի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից՝ ծրագրի փորձագետներն ուսումնասիրել են այն հարակից ոլորտները և իրավական ակտերը, որոնցում տեղեկատվության մատչելիության հարցն առանցքային դեր ունի։ Խոսքը հատկապես վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիքի, օպերատիվ-
հետախուզական գործունեության, արխիվային բնագավառներին, քրեական դատավարության, անձնական տվյալների պաշտպանության, գնումների, հանրային ծառայության ոլորտներին:

Ծրագրի ավարտին հրապարակվել է զեկույց, որն ամփոփում է ուսումնասիրության արդյունքները, ըստ ոլորտների և թեմաների ներկայացնում բացահայտված խնդիրները, միջազգային չափանիշները, լավագույն միջազգային փորձը և վերլուծության հիման վրա առաջարկում լուծումներ։

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն վերջերս «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկել էր քրեական պատասխանատվություն նախատեսել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հետևանք կառաջացնի այն։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ներկայացրել է կարծիք՝ առաջարկելով նախագծից հանել 2-րդ հոդվածը։

Խստացնել տեղեկատվության ազատության խախտման համար պատասխանատվությունը

Առաջարկում ենք սահմանել պատասխանատվություն հետևյալ դեպքերի համար․

  • տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու,
  • իրականությանը չհամապատասխանող/կեղծ տեղեկատվություն տրամադրելու (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը),
  • տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու
  • օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

Ընդունելով հանդերձ, որ դատավարական իրավունքների չարաշահման դեպքեր գործնականում բացառված չեն և իրականության մեջ տեղ ունեն, ինչի հետևանքով կարող
են էականորեն տուժել դատավարության մյուս մասնակիցների օրինական շահերն ու իրավունքները, հատկապես ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այնուամենայնիվ, գտնում ենք, որ առաջարկվող սահմանափակման կիրառման չափազանց լայն շրջանակը խնդրահարույց է և պարունակում է դատավարական իրավունքների` գործնականում անհամաչափ և չարդարացված սահմանափակման ռիսկեր: 

Այսպիսով, Նախագծով (հոդված 3) առաջարկվում է սահմանափակման ենթակա իրավունքների շարքում ներառել միջնորդություն հարուցելու, բացարկ հայտնելու, քրեական գործին կցելու և հետազոտելու համար նյութեր ներկայացնելու, քրեական գործի նյութերին ծանոթանալու, ելույթ ունենալու, պաշտպանից հրաժարվելու և պաշտպանի լիազորությունները դադարեցնելու իրավունքները: Գտնում ենք, որ թվարկվածների շարքից հատկապես խնդրահարույց են հետևյալ իրավունքների սահմանափակումները։

 

Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Դեկտեմբերի 1-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում
փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով խմբագրվում են քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները։

Համակողմանիորեն դիտարկելով խնդիրը՝ կարծում ենք, որ քննչական ենթակայության փոփոխությունները պետք է ընդգրկեն ավելի լայն շրջանակ։

Գործընկեր կազմակերպությունների՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի հետ առաջարկում ենք․

  • նախագիծը լրամշակել՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն իրականացնելու իրավասությունը գործող Քրեական դատավարության օրենսգրքով վերապահելով ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին․
  • Քննչական կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով քննությունը վերապահել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին
  • ձեռնամուխ լինել գործող քննչական մարմինների համակարգի բարեփոխմանը՝ բացառելով գործադիր իշխանության ենթակայության ներքո գտնվող մարմինների, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի ստորաբաժանումների՝ մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությունը և 2022 թ.-ին ուժի մեջ մտնող Քրեական դատավարության օրենսգրքով դրանց ենթակայությանը հանձնված գործերով մինչդատական քննությունը պատվիրակելով այլ քննչական մարմինների:

Կարծիքն ամբողջությամբ կարդալու համար ներբեռնե՛ք այն։

Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում

Սույն փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել հիմնականում Արցախի (որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Ներկայացված ապացույցները հիմնվում են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների տվյալների բծախնդիր հավաքագրման և վերլուծության վրա:

Արդյունքում ներկայացվում են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների հիմնավոր փաստարկներ, ինչպես նաև իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ՝ համապատասխան շահագրգիռ կողմերին:

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում

Ուսումնասիրվել են Հայաստանի աշխատանքային օրենսդրության առանձին կարգավորումներ, վեր հանվել դրանց առնչվող խնդիրները և առաջարկվել լուծումներ։ Մեծ ուշադրություն է դարձվել նաև պրակտիկ խնդիրների ուսումնասիրությանը և դատական պրակտիկային, որոնց վերաբերյալ ևս մշակվել են առաջարկներ։ Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան-հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Կրթություն և համերաշխություն» արհմիություն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասնագետների, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի  և անկախ փորձագետի մասնակցությամբ։ 

Ծրագրի ավարտին հրապարակվել է «Աշխատանքային իրավահարաբերություններ և օրենսդրություն․ խնդիրներ և լուծումներ» հետազոտությունը: