Դատական իշխանության անկախության հաստատումը ժողովրդավարական հասարակություն և պետություն ունենալու ամենաէական պայմանն է։ Մարդու խախտված իրավունքի վերականգնման վերջին հանգրվանը հենց դատարանն է. այստեղ պետք է լուծում ստանան իրավունքի շուրջ ծագած բոլոր տեսակի վեճերը։ Մեր ծրագրերով և հետազոտություններով մենք բացահայտում ենք համակարգային խնդիրները, միջազգային լավագույն չափորոշիչների և համատեքստային վերլուծության հիման վրա ներկայացնում առաջարկներ՝ անկախ դատական համակարգի կայացմանը նպաստելու նպատակով։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն

15.04.2022

Ծրագրի նպատակն է վեր հանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող ընդհանուր պարտավորությունների կատարման համակարգային խնդիրները օպերատիվ-հետախուզական գործունեության, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի կոնկրետ բաղադրիչների, նաև խախտման զոհերի  իրավունքների համատեքստում։

Հայաստանի Հանրապետության դեմ 8-րդ հոդվածի վերաբերյալ սակավաթիվ ՄԻԵԴ վճիռներ կան։ Բանն այն է, որ շատ քիչ գործ է տարվել ՄԻԵԴ այս թեմայով։ Այնուամենայնիվ, Հայաստանի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան շարունակում են անհամահունչ լինել Կոնվենցիային։

Հետազոտության շրջանակներում կմատնանշվեն ոչ միայն ՀՀ, այլև Եվրոպայի խորհրդի այլ անդամ երկրների դեմ կայացված վճիռներից բխող համակարգային խնդիրները և ընդհանուր միջոցները։ Կուսումնասիրվեն 8-րդ հոդվածին առնչվող ազգային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, կմշակվի առաջարկություններ փաթեթ՝ ներպետական օրենսդրությունը Կոնվենցիային համապատասխանեցնելու և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ապահովելու նպատակով։ Ծրագրի ավարտին կհրապարակվի զեկույց։  
 

Հստակեցնե՛լ դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները

21.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն

15.04.2022
2021 թ․-ի նոյեմբերից Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն իրականացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրության ծրագիրը։

Դատավորների անհամատեղելության պահանջի մասին

30.12.2021
ՀՀ արդարադատության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին հանրային քննարկման էր դրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Նախագծի ընդունմամբ առաջարկվում է սահմանել դատավորների անհամատեղելիության լրացուցիչ պահանջ, որի խախտումը հանգեցնելու է դատավորի լիազորությունների դադարեցման։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն

14.04.2021
2021 թ․-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն իրականացրեց «Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում՝ դատական պրակտիկայի մշտադիտարկման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների վերհանման միջոցով» ծրագիրը։ Հետազոտության շրջանակներում առանձնացվել են Հայաստանի նկատմամբ կայացված մի շարք վճիռներ, ուսումնասիրվել են դրանց կատարման ուղղությամբ պետության ձեռնարկած ընդհանուր միջոցները, վեր են լուծվել վերաբերելի օրենսդրությունը և համապատասխան իրավակիրառ պրակտիկան, հետազոտության շրջանակներում իրավասու մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները:

ՀՀ Սահմանադրության գործող կարգավորումների շրջանակներում վեթինգի իրականացման հնարավորության մասին

29.05.2020
Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող դատական համակարգը խորքային բարեփոխումների կարիք ունի։ 2019 թ. մայիսի 20-ի իր ելույթում, անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրների անհետաձգելի և հրատապ լուծման անհրաժեշտությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց վեթինգի օրակարգը։