01.11.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թ․-ի մարտի 3-ի N250-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։
Դրական գնահատելով Կառավարության հանձնառությունը՝ բարելավելու հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար և դրա համատեքստում կատարվող որևէ միջոցառում՝ հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ հանգամանքի վրա․
Նախագծի 1-ին հավելվածով սահմանված՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ընգրկված չեն ՀՀ դատարանների շենքերը՝ բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի շենքի, այնինչ դրանցից ոչ բոլորն են գոնե նվազագույնս հագեցված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերին համապատասխան (օրինակ՝ թեքահարթակների առկայության, դրանց թեքության աստիճանի, ինչպես նաև բռնաձողերի առկայության առումով)։ Միևնույն ժամանակ դատարանները վերը նշված ցանկում ընդգրկելու անհրաժեշտությունը հասկանալիորեն թելադրվում է անձանց՝ դատարանի մատչելիության, իրենց գործով լսված լինելու իրավունքի գործնական ապահովման անհրաժեշտությամբ։
Վերոնշյալի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել և ընդլայնել Նախագծով սահմանվող՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։