Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է քրեակատարողական հիմնարկների խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսին։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։
Ասուլիսի առիթը «Նուբարաշեն» ՔՀԿ-ի հրատապ խնդիրներն են, որոնց մասին բարձրաձայնել էին որոշ կալանավորներ։ Ըստ Գյուրջյանի՝ խնդիրների գերակշիռ մասը համակարգային բնույթ ունի։ Մասնավորապես ՔԿՀ-ն չունի միջին անվտանգային գոտի, սակայն դատապարտյալներին, որոնք պետք է տեղաբաշխվեն այդ անվտանգային գոտում, այնուամենայնիվ, տեղավորում են այստեղ: Նախկին զինվորականները չպետք է տեղավորվեն Նուբարաշեն ՔԿՀ-ում և պետք է անջատ լինեն մյուս կալանավորներից, սակայն այս կարգավորումը ևս չի պահպանվում: Խոսվել է նաև խցերի և տեսակցությունների սենյակների անմարդկային պայմանների, դատապարտյալների զբաղվածության ապահովման անհնարինության, ՔԿՀ-ներում բուժծառայության խնդիրների, պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրների մասին։ «Սրանք անմարդկային պայմաններ են, որոնցում հնարավոր չէ կազմակերպել պատշաճ տեսակցություն, հատկապես եթե խոսքը երկարատև և երեխաների հետ տեսակցության մասին է»,- նշել է Գյուրջյանը։
Ըստ բանախոսների՝ չնայած պետությունը գնահատում է կալանավորների վերասոցիալականացման վիճակը, սակայն չի ապահովում դրա համար անհրաժեշտ պայմանները։
Ավելին՝ տեսանյութում։