Հետազոտությունը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածից բխող՝ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման վիճակի գնահատմանը գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման բնագավառում՝ հատուկ շեշտադրելով լիազորությունների չարաշահումների դեմ բավարար երաշխիքների ապահովման խնդիրները։
Հետազոտությունը հակիրճ անդրադառնում է նաև մասնավոր հարաբերություններում անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմներին առնչվող խնդիրներին։ Սույն ուսումնասիրության առարկա են դարձել ոչ միայն մատնանշված խնդիրների շրջանակներում Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված վճիռները, այլև Եվրոպայի խորհրդի այլ անդամ պետությունների նկատմամբ կայացված վճիռները, որոնցով արձանագրված համակարգային խնդիրները նույնչափ արդիական են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի համատեքստում։
Հետազոտության նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանը, քաղաքացիների անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի արդյունավետ իրացմանը, պետության կողմից գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման դեպքում չարաշահումներից պաշտպանող բավարար և արդյունավետ երաշխիքների և կառուցակարգերի ստեղծմանը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ անձի մասնավոր կյանքի անօրինական միջամտությունը կանխելու առումով գոյություն ունեն մի շարք կարևոր երաշխիքներ, ինչպիսիք են դատարանի կողմից միջամտության թույլատրման, միջամտության համար անհրաժեշտ նախապայմանների, դրա իրականացման առավելագույն ժամկետների և պարբերական վերանայման պահանջները։ Միևնույն ժամանակ հետազոտությունը արձանագրում է այնպիսի առանցքային կարևորության խնդիրներ, ինչպիսիք են նախապես որոշված ժամկետից շուտ օպերատիվ-հետախուզական գործողությունների դադարեցման պայմանների բացակայությունը, հսկողության արդյունքում ստացված նյութերի պահպանման և ոչնչացման հստակ և մանրամասն ընթացակարգերի բացակայությունը, հսկողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակում դատարանի բավարար իրավասության խնդիրը, գաղտնի հսկողության համակարգի գործունեության նկատմամբ անկախ և արդյունավետ արտաքին հսկողության բացակայությունը, անօրինական միջամտության դեմ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունը և այլն։
Հետազոտության կարդալու համար սեղմեք ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։