Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

22.12.2022

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ #ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը։ 

Աշխատաժողովի նպատակն էր ամփոփել «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում վեր հանված խնդիրները և ուրվագծվող լուծումները։

Բացման խոսքով թեմայի կարևորությանն ու արդիականությանն անդրադարձան Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործերով տեղակալ Անթյե Ֆրիցը։

Գենյա Պետրոսյանն անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած չափանիշներին, օրենքին համապատասխան միջամտությանը և անօրինական միջամտության դեմ արդյունավետ երաշխիքներին։ Խոսելով հստակ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության մասին՝ նա նշեց «Օրենսդրությունը պետք է նախատեսի գաղտնի միջոցառումների շրջանակը՝  ինչ միջոցառումներ, ում նկատմամբ, ինչ դեպքերում և ինչ նախապայմաններով, տևողությունը և դադարեցումը, նյութերի պահպանման և ոչնչացման ընթացակարգերը»։

Հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։ «Թեպետ կարող է ուրախալի թվալ, որ ՀՀ դեմ ընդամենը երկու վճիռ է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԿ 8-րդ հոդվածի համատեքստում, սակայն հասկանալի են դրա իրական պատճառները․ ՀՀ օպերատիվ-հետախուզական գործունեության համակարգը չի նախատեսում կարգավորում՝ ըստ որի անձը պոստֆակտում կտեղեկանա կիրառված գործողությունների մասին, եթե, իհարկե, դրանք քրեական գործի նյութ չեն դարձել։ Այսպիսով, անձինք զրկվում են դրա օրինաչափությունը վիճարկելու հնարավորությունից»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ պարոն Արթուր Սաքունցի բանախոսությունը «Գաղտնի հսկողության միջոցների համակարգի նկատմամբ արտաքին հսկողության մեխանիզմների խնդիրը Հայաստանում» թեմայով էր։
«Ցավոք սրտի, մենք մինչև այժմ չունենք այնպիսի վստահելի ինստիտուտներ, որ հանձինս ԱԱԾ-ի, ոստիկանության կամ դատարանի, կարող է կանխել անձի անձնական կյանքի նկատմամբ ոտնձգությունները՝ մի կողմից, և սահմանել պետության միջամտության սահմանները՝ մյուս կողմից», - ասել է Արթուր Սաքունցը։

Հրավիրյալ միջազգային փորձագետները  ներկայացրել են ոլորտի միջազգային լավագույն փորձը դատական վերահսկողության և արտաքին հսկողության ոլորտներում։

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն» ծրագիրն իրականացվել է Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։ Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնը (DCAF)։

Քննարկում գաղտնի վերահսկողության միջոցների, դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրների մասին

05.12.2022
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Գաղտնի վերահսկողության միջոցներ․ դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրներ» խորագրով աշխատանքային քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին գաղտնի վերահսկողության միջոցները թուլատրելիս դատարանի իրավասության շրջանակը, դրա որոշման բովանդակությունը և հրատապ դեպքերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային փորձին և անկախ վերահսկողության հնարավորություններին։

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Մասնագիտական քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ

30.06.2022
Հունիսի 29-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման հիմնախնդիրները» մասնագիտական քննարկումը։

Տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

08.06.2022
Հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԻԶՊՀ աշխատաժողովը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» թեմայով։

Ներկայացվեց «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը

16.12.2021
2021 թ․-ի դեկտեմբերի 17-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ներկայացրին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։

Կարողությունների զարգացման դասընթաց

14.12.2021
Մի դրվագ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կարողությունների զարգացման գործընթացից, որ սկսեցինք 2021-ին՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Քննարկում աշխատանքային իրավունքի մասին

25.10.2021
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Աշխատանքային իրավահարաբերություններ և օրենսդրություն․ խնդիրներ և լուծումներ» թեմայով առցանց քննարկումը, որի ընթացքում ներկայացրինք աշխատանքային իրավունքին առնչվող մեր հետազոտության արդյունքները։

ՄԻԵԴ վճիռների կատարման խնդիրներ․ մասնագիտական քննարկում

21.04.2021
Ապրիլի 14-ին տեղի ունեցավ մեր հետազոտության մասնագիտական քննարկումը։ Այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների կատարմանն առնչվող հիմնական խնդիրներին։

Տեղեկատվության ազատության ոլորտ․ բարեփոխման անհրաժեշտություն

20.07.2020
Հուլիսի 20-ին «Մեդիա կենտրոն»-ում ԻԶՊՀ-ն ներկայացրել է տեղեկատվության ազատության ոլորտում կատարած ուսումնասիրության արդյունքները, հիմնական եզրակացություններն ու առաջարկները։

Ներկայացվել է ընտրախախտումների բողոքարկման վերաբերյալ փաստաթուղթը

25.06.2019
2019 թ․-ի հունիսի 25-ին տեղի ունեցած հանրային քննարկման Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրել է «Ընտրախախտումների բողոքարկման իրավասուբյեկտությանն առնչվող միջազգային չափորոշիչները և հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գրված քաղաքականության փաստաթուղթը։