Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով քննարկմանը։ Ըստ Պետրոսյանի՝ բավական շատ միջոցառումներ բավական լայն և անորոշ են ձևակերպված, ուստի դժվար է թե՛ վերահսկողություն իրականացնել, թե՛ արձանագրել՝ երբ դրանք կարող են համարվել արդյունավետորեն կատարված։
Որպես դրական միջոցառում՝ Պետրոսյանն առանձնացրել է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անգործունակության հետ կապված խնդիրների համար արդյունավետ մեխանիզմ նախատեսելուն։ Թեև տարիներ շարունակ այս հարցը բարձրացվել է Հայաստանում, դեռևս 2014 թ․-ի Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում է նախատեսված եղել տարբերակված գնահատման չափանիշների նախատեսումը որպես գործողություն, սակայն այդպես էլ չի կատարվել։ Չնայած դրան, հաշվետվության մեջ այն գնահատվել է կատարված՝ հիմք համարելով քաղաքացիական դատավարության փոփոխությունները դատարանի մատչելիության, կոնկրետ գործունակության վերականգնման մասով։ Ըստ բանախոսի՝ սա բավարար չէ։ Նա հիշատակել է 2015 թ․-ի ՍԴ որոշումը, որով ևս նշվել էր անգործունակության տարբերակված գնահատման անհրաժեշտությունը, իսկ 2019-ին՝ ՄԻԵԴ որոշումը Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գործով․ ճանաչվեց Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների խախտում հենց այն հիմքով, որ անձը զուտ հոգեկան խանգարման հիմքով զրկվում է գործունակությունից և իր իրավունքների ամբողջական իրացումից՝ առանց հաշվի առնելու նրա հոգեկան խանգարման տեսակը և աստիճանը։
«Այս առումով նախատեսվել է բավական առաջադիմական մեխանիզմ, մասնավորապես տվյալ կատեգորիայի մարդկանց կողմից իրենց առնչվող հարցերի կապակցությամբ որոշումներ կայացնելու իրավունքի ապահովում, որը նախատեսվում է իրականացնել աջակցության մեխանիզմների միջոցով»,- ասել է Պետրոսյանը։
Անդրադառնալով նրան, որ Ոստիկանության կրթահամալիրում նախատեսվում է վերանայել հավաքների թեմայով վերապատրաստման ծրագրերը, Պետրոսյանը կարևորել է դրանց արդյունավետությունը․ ամենօրյա պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք իրենց նպատակին չեն ծառայում։