Ըստ Պետրոսյանի՝ ապօրինի և չհիմնավորված գաղտնագրման հարցերը առավել քան արդիական են նաև այսօր՝ հաշվի առնելով ապատեղեկատվության մարտահրավերները և, ըստ էության, դեռևս համակարգային լուծումներ չունենալու հանգամանքը։
1996-ին ընդունված օրենքը մինչ օրս բովանդակային վերանայման չի ենթարկվել։ Կարգավորումները ոչ միայն հնացած են, այլևս ուղղակի հակասում են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։ ԱԱԾ-ն վերջերս շրջանառեց մի նախագիծ, ըստ որի հիմնավորման՝ վերանայվում և բարելավվում է ամբողջ օրենքը՝ կատարելագործելու և արդիականացնելու միտումներով, սակայն երբ համեմատում ենք գործող օրենքը նախագծի հետ, տեսնում ենք, որ փոքրաթիվ փոփոխություններ են արվել։ Նման քանակի փոփոխությունների դեպքում օրենքի նոր խմբագրությամբ նախագիծ չի կարող ներկայացվել, ուստի այն հակասում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին։
Առավել համակարգային խնդիրները մնացել են չլուծված, ինչպես նաև չի ընդունվել ՀԿ-ների ներկայացրած առաջարկը։
Գենյա Պետրոսյանն անդրադարձել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հետևյալ խնդիրներին՝ նաև առաջարկելով լուծումներ, որոնք կբարելավեն իրավիճակը։
Գաղտնիության տարբեր աստիճան ունեցող տեղեկությունների գաղտնագրման տևողությունը նույնն է:
Օրենսդրությունը հնարավորություն է տալիս տեղեկությունը գաղտնի պահել անորոշ ժամկետով։
Օրենքը հնարավորությունը չի տալիս տեղեկատվությունը գաղտնագրել կոնկրետ պայմանով։
Գերատեսչական ցանկերը մեծ մասամբ գաղտնի են։
Օրենքը հնարավորություն է տալիս ոչնչացնել գաղտնազերծված տեղեկատվությունը։
Չկա պատշաճ վերահսկողություն տեղեկատվության գաղտնագրման նկատմամբ։