Ոստիկանության գործողությունները պետք է քննվեն

29.04.2023

Սույն թվականի ապրիլի 22-ի գիշերը ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) և ՀՀ  Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության ներկայացուցիչները մուտք են գործել «Պոլիգրաֆ» տեխնոակումբ և կատարել խուզարկություն։

Քննչական գործողության ընթացքում ակումբում գտնվող բոլոր անձինք պառկեցվել են գետնին և ֆիզիկական ուժի ներգործությամբ տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ, ըստ ակումբի հայտարարության, ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են ծեծի, ինչպես նաև մերկացվել խուզարկության համար։ Ակումբի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ իրենց նաև չեն ներկայացվել ակումբի տարածք մուտք գործելու արգելքի, ակումբի դռները կնքելու իրավական հիմքերը։

Չնսեմացնելով հանցավորության դեմ պայքարի նշանակությունը և այդ իմաստով պետության պարտականությունը, հասարակության շահի պաշտպանության անհրաժեշտությունը՝ անվիճարկելի է, որ այդ գործառույթը պետության կողմից պետք է իրականացվի` հարգելով մարդու արժանապատվությունն ու հիմնական իրավունքները։

Այս համատեքստում խիստ մտահոգիչ են ակումբի աշխատակազմի բարձրաձայնած տեղեկությունները, որոնք առիթ և բավարար հիմք են ինչպես ՆԳՆ ոստիկանության կողմից կարգապահական վարույթ հարուցելու, այնպես էլ իրավասու մարմինների  կողմից քրեական վարույթ նախաձեռնելու և ձերբակալված անձանց ծեծի ենթարկելու, նրանց արժանապատվությունը դիտավորությամբ նսեմացնելու հանգամանքները քննության առնելու համար։

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության կիրառման արատավոր պրակտիկան չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակություններում և հաստատապես դրական ազդեցություն չի ունենա պետության ժողովրդավարության  ցուցանիշների վրա։

Հատկանշական է, որ օրեր առաջ ոստիկանության կողմից իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև երաժիշտ, հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը, որի պնդմամբ՝ ոստիկանության բաժնում ձերբակալվածի կարգավիճակով իրեն ժամեր շարունակ պահել են ձեռնաշղթաներով և չեն տվել ջուր, ինչը հիմնավորել են իր արտաքին տեսքով, ինչպես նաև զրկել են փաստաբան հրավիրելու հնարավորությունից։

Նկատի ունենալով վերոգրյալը՝

  • ՀՀ Գլխավոր դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում ենք նախաձեռնել քրեական վարույթ, ոստիկանության և ՔԿ պաշտոնատար անձանց կողմից երկու վկայակոչված դեպքերում իրենց լիազորությունները անցնելու, անձանց ծեծի ենթարկելու և նվաստացնող վերաբերմունքի ենթարկելու ենթադրյալ փաստերի առթիվ և ապահովել դրա շրջանակում բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը։
  • ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք նախաձեռնել ծառայողական քննություն անհամաչափ ուժի կիրառման և անմարդկային վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով պատասխանատու ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կոչ ենք անում ոչ թե արձանագրային, այլ բովանդակային գնահատական տալ նմանօրինակ դեպքերին։

 

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հայաստանի քաղհասարակության աջակցության նամակը վրացի գործընկերներին

05.04.2024
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։ Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։

Ոստիկանության շարունակական բռնությունների վերաբերյալ

03.04.2024
Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները:

ՔՀԿ-ների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

28.03.2024
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

18.03.2024
Միջպետական գանգատներից հրաժարվելու վերաբերյալ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները խիստ մտահոգիչ են, որևէ պայմաններում անընդունելի, և ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։

ՔՀԿ-ները պահանջում են ոստիկանական բարեփոխումներին ուղղված խորհրդարանական լսումներ՝ ՆԳ նախարարի մասնակցությամբ

14.02.2024
Հայաստանյան մի շարք ՔՀԿ-ներ նախատեսում են կոչ-պահանջագիր ներկայացնել ՀՀ Ազգային ժողով՝ Ներքին գործերի նախարարի մասնակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։ Հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում ոստիկանության բարեփոխումների վիճակի և առանցքային խնդիրների լուծման բավարար առաջընթացի բացակայության վերաբերյալ։

Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի ձերբակալած հայերին. ՀԿ-ների հայտարարությունը

13.10.2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետեւ, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը եւ ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։

Կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ցեղասպանությունը․ ՔՀԿ-ների հայտարարությունը

19.09.2023
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Այս պահին Շուշի քաղաքից ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի  մայրաքաղաք Ստեփանակերտը։ Սույն հայտարարությամբ հայաստանյան ՔՀԿ-ները դիմում են բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին ու պետություններին, որոնց համար  որևէ նշանակություն ունի մարդու իրավունքները և մարդու անվտանգությունը․  Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։

ՀԿ-ՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11.09.2023
Ս․թ․ օգոստոսի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft.am հարթակում հրապարակվել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։ Սույն Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային խորհրդին կից ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 1991թ․ սեպտեմբերի 21-ից մինչև 2022թ․ ներառյալ ժամանակահատվածի իրադարձությունների և դեպքերի շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումները, նպաստի հնարավոր խախտումների կանխարգելմանը, կրկնության բացառմանը, հասարակության սոցիալական վերափոխմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, հաշտեցմանը, խախտումներից և իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետևանքները այլ կերպ կրած անձանց իրավունքների ճանաչմանը, վերականգնմանը և պաշտպանությանը:

Անհապաղ միջամտության մասին դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

26.07.2023
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները կոչով դիմում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին` պայմանավորված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով։ Այս իրավիճակը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնիկ զտման բացահայտ փորձ, քանի որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապող միակ փրկօղակն է։

Դատապարտում ենք քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունները

03.07.2023
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում: