«Oտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

20.01.2022

05.01.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Oտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ ոստիկանությունը: Նախագծում սահմանվել են դրույթներ, որոնցով ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացության հիման վրա հնարավոր կլինի անձին արտաքսել` առանց դատական պաշտպանության իրավունքի ապահովման։ Սույնով ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը նշված կարգավորումների իրավաչափության վերաբերյալ: Այսպես՝

Գործող «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխով սահմանվում է օտարերկրացիների արտաքսման դատական կարգ, միաժամանակ, օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, արտաքսման մասին որոշումը օտարերկրացին կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով, ինչի պարագայում արտաքսումը կասեցվում է։ Այս կարգավորումները լիովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ ապահովելով 61-րդ հոդվածով ամրագրված՝ մարդու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումը։

Հակառակ գործող կարգավորման՝ Նախագծով սահմանվել են արտաքսման դեմ դատական պաշտպանության իրավունքի էական սահմանափակումներ։ Մասնավորապես Նախագծի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարերկրացին կարող է արտաքսվել Հայաստանի Հանրապետությունից արտադատական կարգով, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի, կամ նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը սպառնում է պետության անվտանգությանը, եթե առկա է համապատասխան բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացությունը նշված հանգամանքների հիմքով արտաքսելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ նշված դեպքերում արտաքսման մասին որոշման բողոքարկումը, ի տարբերություն մյուս դեպքերի, չի կասեցնում արտաքսումը (Նախագծի 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր)` բացառությամբ այն դեպքերի, երբ անձը ներկայացնում է ապացույցներ նախագծի 58-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արտաքսումն արգելող հանգամանքների մասին (եթե իրական սպառնալիք կա, որ նա կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի)։ Գտնում ենք, որ նշված կարգավորումը թերի և խիստ խնդրահարույց է հետևյալ պատճառաբանությամբ։ Մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու իրական սպառնալիքի առկայությունը «ապացույցներով» հիմնավորելու, ապացուցելու պարտականությունը առերևույթ համաչափ և հիմնավոր պահանջ չէ, քանի որ անձը կարող է օբյեկտիվորեն չունենալ դա ինքնուրույն, առանց դատավարական բավարար երաշխիքների իրականացնելու հնարավորություն, հատկապես կարճ ժամկետներում։ Կարծում ենք՝ այս իմաստով համաչափ կարող է դիտարկվել նշված իրական սպառնալիքների առկայության մասին արտաքսվող անձի փաստարկված հայտարարությունը, որն ինքնին բավարար պետք է լինի անձի արտաքսումը կասեցնելու համար, իսկ դրա հիմնավորվածության և իրականությանը համապատասխանելու հարցը պետք է որոշվի համապատասխան վարույթի շրջանակում՝ անհրաժեշտ դատավարական երաշխիքների պահպանմամբ։ Ինչ վերաբերում է արտաքսման վարույթն իրականացնող մարմնին, ապա դա պետք է լինի անաչառ և անկողմնակալ մարմին, այնինչ, քննարկվող կարգավորման համաձայն, արտաքսումն արգելող հանգամանքների առկայության վերաբերյալ ներկայացված ապացույցների գնահատման իրավասությունը փաստացի վերապահվում է նույն՝ արտաքսումն իրականացնող մարմնին։ Այլ կերպ ասած՝ հասարակական կարգի կամ պետական անվտանգության պահպանման անհրաժեշտության հիմքով արտաքսվող անձը, ինչպես և մյուս արտաքսվող անձինք, ֆորմալ առումով ունենալով այլ պետություն չարտաքսվելու երաշխիք (արտաքսման կասեցման տեսքով) այն դեպքում, երբ կա այդ երկում մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու իրական սպառնալիք, գործնականում այդ երաշխիքից զրկված է, քանի որ այդ սպառնալիքի առկայությունը պետք է հիմնավորի «ապացույցներով» և ոչ թե անկախ մարմնի, դատարանի դիմաց, այլ իր արտաքսման իրականացման համար պատասխանատու մարմնի առջև։ Իսկ արտաքսումը չկասեցվելու և արդյունքում օտարերկրացու՝ այլ երկրում հայտնվելու պարագայում արտաքսման հետագա վիճարկումը այլևս չի կարող դիտվել արդյունավետ պաշտպանության միջոց, քանի որ նրա իրավունքները կարող են խախտվել այլևս անվերականգնելի ձևով (օրինակ՝ մահապատժի կամ խոշտանգման ենթարկվելու դեպքում)։ 

Հարկ ենք համարում ընդգծել, որ խնդրի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Խոշտանգումների դեմ կոմիտեն՝ նշելով, մասնավորապես, որ մասնակից պետությունը պետք է ապահովի արդյունավետ միջոցների առկայություն ապաստան չտրամադրելու որոշումը վիճարկելու համար, հատկապես երբ արտաքսումն իրականացվում է արագացված ընթացակարգով, և նման միջոցները ցանկացած դեպքում պետք է կասեցնեն արտաքսման որոշման կատարումը։ Կոմիտեն մտահոգություն է հայտնել օրենսդրությունների վերաբերյալ, որոնցով սահմանվում է, որ պետության կողմից դիմողին կացության թույլտվությունից հրաժարվելը ենթադրում է դիմողի՝ անմիջապես երկիրը լքելու ավտոմատ պարտավորություն[1], և շեշտել է, որ կասեցնող ուժ պետք է տրվի ոչ միայն հրատապ պաշտպանության միջոցներին, այլ նաև «բողոքներին, որոնք ներկայացվել են ցանկացած օտարերկրացու կողմից, որի նկատմամբ վտարման հրաման է տրվել, և որը պնդում է, որ ինքը կանգնած է խոշտանգումների ենթարկվելու վտանգի առաջ այն երկրում, որտեղ նրան պետք է վերադարձնեն»[2]։ Կասեցնող ուժը պետք է ուժի մեջ մտնի բողոքը ներկայացնելու պահից[3]։

 

Վերոգրյալի հետ մեկտեղ արտաքսման դեմ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումը ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որը, ի տարբերություն ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի, որոնց հղում է կատարում Նախագծի հեղինակն իր հիմնավորումներում, չի նախատեսում այդ հիմնարար իրավունքի սահմանափակման հնարավորություն[4]։

 

Վերը նշված խնդիրները mutatis mutandis վերաբերելի են նաև քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման գործընթացին։

 

Հիմք ընդունելով վերը նշված խնդիրները և դրանց՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր լինելը՝ առաջարկում ենք

  • Նախագծում կատարել փոփոխություններ՝ ապահովելով Նախագծի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, արտաքսման որոշման/գործընթացի կասեցում և արտաքսման արտադատական կարգից անցում դատական կարգի, եթե արտաքսվող անձը հայտարարում է Նախագծի 58-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արտաքսումն արգելող հանգամանքների մասին։ Նույն կարգավորումը mutatis mutandis սահմանել նաև քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման գործընթացի մասով։

[1] Concluding Observations of the Committee against Torture: Denmark, Annual Report 2002, UN Doc.

CAT A/57/44 (2002), paragraph 73(c)

[2] Concluding Observations of the Committee against Torture: Belgium, Annual Report 2003, UN Doc.

CAT A/58/44 (2003), paragraph 131(d)

[3] Concluding Observations of the Committee against Torture: France, UN Doc.CAT/C/FRA/CO/3, 3

April 2006, paragraph 7

[4] Հոդված 61. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

Ներբեռնել

Կարծիք «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

29.05.2022
2022 թ․-ի մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ է անդրադառնալ պաշտոն զբաղեցնող անձի` «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվելու» հարցին։

Դիրքորոշում աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

01.05.2022
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը, որի ժամանակ մենք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ներկայացրինք դիրքորոշում նախագծով չլուծված որոշ հարցերի վերաբերյալ։

Աշխատանքային օրենսգրքի որոշ փոփոխությունների մասին

06.04.2022
Վերլուծությունն անդրադառնում է Աշխատանքային օրենսգրքի նախագծի 65-րդ հոդվածով կատարվող փոփոխություններին, որոնք առնչվում են երեխաների աշխատանքի իրավունքին։

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեն վերջերս «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկել էր քրեական պատասխանատվություն նախատեսել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հետևանք կառաջացնի այն։

Խստացնել տեղեկատվության ազատության խախտման համար պատասխանատվությունը

08.02.2022
Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախագիծ՝ առաջարկելով էապես մեծացնել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը։ Ներկայացնում ենք Հիմնադրամի փորձագետների կարծիքը Նախագծում տեղ չգտած, սակայն տեղեկատվության ազատության իրավունքի խախտման այլ դրսեւորումների կանխարգելման տեսանկյունից անհրաժեշտ մի շարք կարգավորումներով Նախագիծը լրամշակելու վերաբերյալ։ Այսպես.

Ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի մասին

20.01.2022
Նախագծով սահմանվում է ՀՀ ոստիկանության համակարգում գործող՝ ձերբակալվածներին պահելու վայրերի (ՁՊՎ) ներքին կանոնակարգը: Տեքստում ամփոփված է ԻԶՊՀ փորձագետների կարծիքը կանոնակարգում տեղ գտած մի շարք կարգավորումների կամ դրանց բացակայության իրավաչափության վերաբերյալ:

«Oտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

20.01.2022
Նախագծում սահմանվել են դրույթներ, որոնցով ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացության հիման վրա հնարավոր կլինի անձին արտաքսել` առանց դատական պաշտպանության իրավունքի ապահովման։ Հիմնադրամի փորձագետներն անդրադարձել են նշված կարգավորումների իրավաչափությանը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

10.01.2022
30.11.2021 թ.-ին շրջանառության մեջ է դրվել պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակությամբ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է որպես քրեական դատավարության նոր սկզբունք ամրագրել ոչ իրավաչափ վարքագծի արգելքը, ինչպես նաև սահմանել իրավունքի իրականացման սահմանափակումը՝ որպես նոր դատական սանկցիայի տեսակ:

Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

21.12.2021
Դեկտեմբերի 1-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով խմբագրվում են քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները։ Համակողմանիորեն դիտարկելով խնդիրը՝ կարծում ենք, որ քննչական ենթակայության փոփոխությունները պետք է ընդգրկեն ավելի լայն շրջանակ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերի շրջանակի սահմանափակման մասին

21.12.2021
Նախագծով առաջարկվում է սահմանափակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերի շրջանակը՝ այս պահին դրա քննչական ենթակայության տակ գտնվող գործերի մեծ մասի քննությունը պատվիրակելով այլ քննչական մարմիններին: Տեքստում հարցեր են բարձրացվում նախագծի հիմնավորվածության վերաբերյալ։