«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

28.07.2022

13.07.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ): 

Ըստ հրապարակված բնութագրի՝ Նախագծով առաջարկվում է արդիականացնել 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավական և միջազգային պահանջներին։

Այնուամենայնիվ, Նախագծի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ մի շարք ասպեկտներով այն չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության  իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր:

 

 

Այսպես.

  1. Նախագծով  ներմուծվել է նոր՝ «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» հասկացությունը (փոփոխությունը նախատեսված էր նաև նախորդ խմբագրությամբ նախագծով), որը բնորոշվում է հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրա­պետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբե­րություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»:

 Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը պարարտ հող է ստեղծում տեղեկատվության հայեցողական և ոչ իրավաչափ սահմանափակման համար: Եթե գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները պետք է առնվազն վերաբերեն Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներին, և առկա պետք է լինի դրանց տարածմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնաս հասցնելու հավանականությունը, ապա առաջարկվող փոփոխությամբ որպես տեղեկատվութան սահմանափակման չափանիշ, ի թիվս այլոց, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին բացասաբար անդրադառնալու հավանականությունը: Նման իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու անորոշ շրջանակի տեղեկություններ, որոնք նույնիսկ չեն հանդիսանում պետական գաղտնիքի մաս: Փաստացի նախատեսվում են տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու լայն լիազորություններ և դրանք չարաշահելու հնարավորություն՝ նշված հասկացության քողի տակ գաղտնագրելու ցանկացած՝ պետական մարմնի համար հրապարակման առումով անհարմար, ոչ ցանկալի տեղեկատվություն: Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը ուղղակիորեն հակասում է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Նույնիսկ մի կողմ թողնելով կարգավորման իրավաչափությունը՝ գտնում ենք, որ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին բացասաբար անդրադառնալու չափանիշով տեղեկությունների դասումը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դուրս է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներից (նախագիծը այս հասկացության շրջանակներում ենթադրում է նաև պետական գաղտնիքի հետ որևէ առնչություն չունեցող տեղեկությունների ներառում): Ավելին, Նախագծով հաշվի չեն առնված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները և պահանջները, որոնք պարտադիր են նաև հանրային նշանակության կազմակերպությունների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների համար:

Դիտարկումներին և առաջարկներին ամբողջությամբ ծանոթանալու համար ՆԵՐԲԵՌՆԵՔ փաստաթուղթը։

 

Ներբեռնել

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

11.11.2021
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվել է օրենքը լրացնել գույքի սեփականատիրոջը օտարման արդյունքում պատճառված «այլ վնասները» հատուցելու հնարավորություն ստեղծող իրավակարգավորումներով:

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

22.10.2021
14.10.2021 թ. իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ներկայացնում են մի շարք դիտարկումներ և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության, ներպետական ոլորտային օրենսդրության և միջազգային լավագույն փորձի վերլուծության վրա:

ՀԿ-ների հայտարարությունը՝ անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

21.10.2021
Իրավապաշտպան ՀԿ-ները հայտարարություն են տարածել ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ։

Կարծիք հանրային նշանանակության տեղեկությունների պրոակտիվ հրապարակման սահմանափակման մասին

21.07.2021
ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը edraft.am հարթակում հրապարակած նախագծերով առաջարկում է սահմանափակել հանրային նշանակություն ունեցող որոշ կարևոր տեղեկությունների պրոակտիվ հրապարակումը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

24.03.2021
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հետընթաց է գործող կարգավորումից, որը բխում է միջազգային չափորոշիչներից և լավագույն փորձից։ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված երաշխիքը պետք է պահպանվի, իսկ Ֆինանսների նախարարության նշած հնարավոր խնդիրը լուծվի գործող կարգավորմամբ բացառություն սահմանելով, այն է՝ ֆինանսական հատկացման նվազեցման միակ հնարավորությունը պայմանավորելով Պաշտպանի ներկայացրած հայտով առաջարկված չափով։

ՀՀ-ում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ

08.09.2020
Հայաստանի աշխատաշուկայում, ի թիվս տարաբնույթ խնդիրների, առկա են նաև կամավորական գործունեության (աշխատանքի) կարգավորմանն առնչվող բացեր։ Թեև կամավորական գործունեությունը բովանդակային առումով նույն աշխատանքային գործունեությունն է՝ առանց փոխհատուցման, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում համապատասխան իրավահարաբերությունները։

Առաջարկներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

05.06.2020
ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ համատեղ առաջարկություններ ենք ներկայացրել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի- Վանաձորի գրասենյակի հետ։

Կարծիք-առաջարկ տեղեկատվության ազատությանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ

01.06.2020
Հանրային քննարկման դրված նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները ողջունելի են: Ի լրումն ներկայացվում են ևս մի քանի դիտարկումներ, որոնց հիման վրա նպատակահարմար է լրացնել ներկայացված նախագծերը:

Կարծիք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

30.04.2020
ՀԿ-ները և անհատ փաստաբաններ առաջարկներ են հրապարակել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Տեղեկատվություն թաքցնելը՝ հնարավոր վտանգ շրջակա միջավայրի համար

24.12.2019
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: