Քաղաքացիական հասարակության ուղերձը իշխանությանը

02.07.2021

Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը: Այս քաղաքական ուժն էլ կստանձնի նոր կառավարություն ձևավորելու առաքելությունը, իսկ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը հանդես կգան որպես արմատական ընդդիմություն։

Վերընտրված իշխանությունները ունեն պատմական առաքելություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ երկիրը գոյություն ունեցող ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու, հասարակական բևեռացվածությունը հաղթահարելու և վերականգնման շրջան թևակոխելու համար։ Այս չափազանց բարդ իրավիճակում շրջահայացությամբ և խոհեմությամբ պետք է առաջ շարժվել՝ իրագործելով արմատական բարեփոխումներ` հիմնված հետևյալ սկզբունքների վրա՝ իրավունքի գերակայություն, համակարգային մոտեցում, հաշվետվողականություն, թափանցիկ կառավարում և հետևողականություն։

Պետական ինստիտուտների վերականգնման և իշխանությունների տարանջատման և փոխզսպման արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործընթացները պետք է բացառապես հիմնված լինեն ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն  ունենալու սահմանադրական սկզբունքների վրա։ Որևէ որոշում կամ բարեփոխում չի կարող համարժեք չլինել այս հիմնարար արժեքներին, որոնք զիջելու կամ հետքայլ անելու դեպքում կունենանք անվերադարձ կորուստներ։

Նորընտիր խորհրդարանի և նոր կառավարության առջև ծառացած մի մեծ շարք հրատապ խնդիրներից մենք հատկապես առաջնահերթ ենք համարում ներքոնշյալները։ Այդ ոլորտներում քայլերի ձեռնարկումն անհրաժեշտ է առկա ճգնաժամը հաղթահարելու, ամուր, անկախ և գործունակ պետական հաստատություններ  ունենալու, ժողովրդավարական սկզբունքների և մարդու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի հիման վրա հասարակական-քաղաքական միջավայր ստեղծելու համար։

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս առաջարկում ենք իշխանություններին իրականացնել ստորև ներկայացված քայլերը երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։

Անվտանգություն և իրավիճակը սահմանին

Հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան սահմանային բնակչության անվտանգության պայմանների չապահովված լինելը՝ ձևավորել միջազգային մշտադիտարկման առաքելություն ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանվածության վիճակը սահմանամերձ բնակավայրերում մշտադիտարկելու և լարվածությունը թուլացնելու համար։ Իրականացնել սահմանային և հաղորդակցման ուղիների անվտանգության ապահովման իրավական կարգավիճակի հստակեցում, ինչպես նաև սահմանազատման գործընթացում ապահովել Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը և Արցախի կարգավիճակի հարցի համատեքստում դիտարկումը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Ռազմագերիների վերադարձ

Միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ հրատապ և բազմակողմանի ջանքեր ներդնել Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և այլ անձանց ազատման և վերադարձի համար:

Լեռնային Ղարաբաղի հարց

Անհետաձգելի ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելու համար։ Առանց դրա անհնար կլինի որևէ երաշխիք ունենալ` ապահովելու համար Արցախի և նրա քաղաքացիների անվտանգությունը և ինքնորոշման իրավունքի իրականացումը, կայուն և անժամկետ խաղաղության հաստատումը։

Սահմանադրական փոփոխություններ

Նախաձեռնել քննարկումներ հասարակության լայն շերտերի հետ՝ մշակելու նոր սահմանադրության նախագիծ՝ վերանայելով սուպերվարչապետական կառավարման մոդելը, ամրապնդելով հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները իշխանության ճյուղերի միջև, պետական մարմինների հաշվետվողականությունը օրենսդրին և հանրությանը, անկախ դատական իշխանության ձևավորումը և այլն։

Անցումային արդարադատության իրականացում և պետության զավթման քաղաքական գնահատականը

Անհապաղ իրականացնել անցումային արդարադատություն, ճշմարտության հանձնաժողովի ստեղծման և գործունեության իրականացման միջոցով` ներառելով նաև 2018-2020թթ: Որպես անհրաժեշտ քայլ սկսել նորընտիր ԱԺ-ում քննարկումները` պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու և գնահատականի վերջնական տեքստը նորընտիր ԱԺ-ի կողմից ընդունելու նպատակով։

Ապօրինի ակտիվների  վերադարձ

Ապահովել արդյունավետ օրենսդրական դաշտ և ստեղծել հաշվետու մեխանիզմներ և ինստիտուտներ` պետությունից և հանրությունից յուրացված գույքի և այլ ակտիվների վերադարձի ու արդյունավետ կառավարման համար՝ ապահովելով դրա համապատասխանությունը իրավունքի գերակայության սկզբունքներին։ Խստորեն քննել և ապահովել ապօրինի ակտիվների վերադարձն իրականացնող մարմինների բարեվարքությունը և դրանց նկատմամբ փորձագիտական ու հանրային վստահության բարձր մակարդակը:

Դատական բարեփոխումներ

Իրավունքի գերակայության սկզբունքի հարգմամբ մշակել օրենսդրական և այլ անհրաժեշտ մեխանիզմներ՝ ապահովելու դատական, քննչական և դատախազության մարմիններից  ձախողված և արդարադատության դեմ գործած պաշտոնյաների ու դատավորների շուտափույթ զտումը, ինչպես նաև նույն համակարգերում բացառապես անաչառ, անկախ և արհեստավարժ մասնագետների ներգրավումը։ Բարեփոխումների շրջանակներում անխուսափելի պետք է դարձնել  Բարձրագույն դատական խորհրդի անկախությունն ու արդյունավետությունը` դատավորների գործունեությունը որևէ անօրինական միջամտությունից պաշտպանելու համար։

Պատերազմի պատճառների, հետևանքների և խնդիրների ուսումնասիրություն

Օրենքով ստեղծել անկուսակցական, անկախ մասնագետներից կազմված քննիչ հանձնաժողով, որը համակողմանի կուսումնասիրի վերջին  պատերազմի և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հանգամանքները, ինչպես նաև այդ ամենի համատեքստում մարդու իրավունքների զանգվածային խախտումները։ Հանձնաժողովը հանրության համար պետք է բացահայտի ճշմարտությունը՝ ներկայացնելով նմանատիպ խախտումների և թերացումների կանխարգելմանն  ուղղված առաջարկություններ։

Կրթության ճգնաժամի հաղթահարում

Կատարել կրթության ոլորտի բոլոր մակարդակներում (նախակրթարանից մինչեւ բարձրագույն կրթություն) մասնագիտական և քաղաքական գնահատում, այնուհետև մշակել բարեփոխումների հստակ, իրատեսական օրակարգ և հրատապ գործողությունների ճանապարհային քարտեզ։ Ամրապնդել բարեվարքությունը կրթության ոլորտում, վերականգնել բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը և կրթության որակը, հանրակրթության ոլորտում իրականացնել բարեփոխումներ՝ վերականգնելու սոցիալական արդարությունը, բոլոր մակարդակներում որակյալ կրթության համահավասար հասանելիությունն ու մատչելիությունը բոլոր քաղաքացիների համար։

Տեղական ինքնակառավարման կատարելագործում

Իրականացնել տեղական ինքնակառավարման համակարգի վերակառուցում՝ ապահովելով իրական համաչափ տարածքային զարգացում, ապակենտրոնացում և տարածքային խտրականության վերացում։ Բացառությամբ պետությանը վերապահվելիք  անխուսափելի լիազորությունների` կատարել պետական լիազորությունների փոխանցում տեղական ինքնակառավարման մարմիններին համապատասխան ֆինանսավորմամբ և հարկային քաղաքականության վերանայմամբ։ Իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների և հաստատությունների հզորացում:

Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներից վերոհիշյալները համարելով անհետաձգելի և ամենահրատապ՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ դրանց անտեսումը կամ թերագնահատումն էլ ավելի է բարդացնելու իրավիճակը երկրում՝ հարուցելով ինչպես ներքաղաքական նոր առճակատումներ, այնպես էլ՝ արտաքին նոր սպառնալիքներ: Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում հանրային շահի գերադասմամբ, անվարձահատույց կերպով փորձագիտական օժանդակություն ցուցաբերել իշխանություններին վերոհիշյալ խնդիրների լուծման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար, եթե վերջիններս կկամենան ձեռնամուխ լինել դրանց: Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների արձագանքը այս ուղերձին, բայցև անկախ այդ արձագանքից` հայտարարում ենք, որ մենք բոլոր օրինական ջանքերը ներդնելու ենք վերոհիշյալ և հարակից խնդիրները հետևողականորեն լուծելու համար:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Թումանյան» փաստաբանական գրասենյակ

«Ռեստարտ» հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Սոսի Թաթիկյան, Հանրային կառավարման, արտաքին ու անվտանգության քաղաքականության անկախ խորհրդատու

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Երեխաների աջակցության հիմնադրամ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

Արամ Հովակիմյան, քաղաքացի

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Ընտանիք և համայնք» ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Մարդու իրավունքների հայ-բրիտանական ասոցիացիա

Քաղաքացիական Զարգացում կրթահետազոտական ՀԿ

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Սինեմարտ երիտասարդական ՀԿ

Լիլի Գալստյան, քաղաքացի

«ՕքսԵՋեն» հիմնադրամ

«Երիտասրդական գաղափարներ»

Ներբեռնել

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

08.02.2022
Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։

Ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

06.01.2022
2022 թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: