Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Գաղտնի վերահսկողության միջոցներ․ դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրներ» խորագրով աշխատանքային քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին գաղտնի վերահսկողության միջոցները թուլատրելիս դատարանի իրավասության շրջանակը, դրա որոշման բովանդակությունը և հրատապ դեպքերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային փորձին և անկախ վերահսկողության հնարավորություններին։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, գործադիր իշխանության և իրավապահ համակարգի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Սահմանադրական դատարանի և հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ։
Սկսելով քննարկումը՝ ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը անդրադարձավ խնդրի հիմնական կողմերին և դրանց վերաբերյալ կազմակերպության մոտեցումներին։ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործերով տեղակալ Անթյե Ֆրիցը ողջունեց ներկաներին և ներկայացրեց DCAF-ի գործունեությունն անվտանգության ոլորտում։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչներ Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը անդրադարձան «Դատարանի իրավասության շրջանակը գաղտնի վերահսկողության միջոցները թույլատրելիս, դատարանի թույլտվության բովանդակությունը և հրատապ դեպքերը» թեման։ Այնուհետև Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ավագ փորձագետ Տեոդորա Ֆույորը ներկայացրեց դատարանի թույլտվության և գաղտնի վերահսկողության վերանայման վերաբերյալ միջազգային լավագույն փորձը և միտումները։ Արտաքին անկախ վերահսկողության խնդիրներին Հայաստանի Հանրապետության համատեքստում անդրադարձավ Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ծրագրի համակարգող Տաթև Խաչատրյանը։
Հանդիպումը մաս է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն» ծրագրի, որի նպատակն է վեր հանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող ընդհանուր պարտավորությունների կատարման համակարգային խնդիրները օպերատիվ-հետախուզական գործունեության, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի կոնկրետ բաղադրիչների, նաև խախտման զոհերի իրավունքների համատեքստում։
Միջոցառման ավարտին ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը նշեց, որ ծրագրի ամփոփիչ զեկույցը և դրա շրջանակում հայտնաբերված խնդիրները հանրությանը կներկայացնեն դեկտեմբերին՝ հանրային քննարկման ընթացքում։
Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակություն-հիմնադրամներ-Հայաստանի, իսկ սույն աշխատանքային հանդիպումը՝ Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) աջակցությամբ։