Մարտի 14-ին Գենյա Պետրոսյանը իրավաբան Արսեն Թավադյանի և Կոնդ թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյանի հետ Մեդիա կենտրոնում մասնակցել է «Կոնդ․ որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով քննարկմանը։
Պետրոսյանը զուգահեռներ է տարելի Ֆիրդուսի և Կոնդի դեպքերի միջև՝ մատնանշելով Ֆիրդուսի բնակիչների սեփականության օտարման գործընթացում տեղի ունեցած խախտումները։ Պատասխանելով հարցին, թե Կոնդում կլինի Հյուսիսային պողոտա 2, թե ոչ, կամ շահել են արդյոք ֆիրդուսցիները, նա նշել է, որ դա կախված է գործընթացից։ Օրինակ՝ Ֆիրդուսի դեպքում գործնականում տեղի է ունեցել գնահատման գործընթացի պահանջների խախտում. «Խոսքն այն աստիճան կոպիտ խախտումների մասին է, որոնք հանգեցնում են գնահատման հաշվետվությունները որպես գնահատման հաշվետվություն օգտագործելու արգելքին»։ Մասնավորապես գնահատող կազմակերպությունները չեն կատարել գույքի տեղազննում, այլ օգտվել են հիմնականում տասնյակ տարիներ առաջ կազմված նկարագրական արձանագրություններից, որոնց նպատակը ոչ թե գույքը գնահատելն էլ, այլ դրա վիճակի բարելավումը արձանագրելը։
Անդրադառնալով Կոնդի իրավական գործընթացին՝ Պետրոսյանը ասել է, որ այստեղ ևս կան խնդրահարույց հարցեր. առաջին որոշումը ընդունվել է 2007 թ.-ին, երկրորդը՝ 2009 թ.-ին։ Անգամ կա 2012 թ.-ին ընդունված որոշում, որով Կառավարության որոշումը օրենքի ուժով համարվել էր անվավեր, քանի որ օտարումը սահմանված ժամկետում չէր կատարվել։ Այդպիսով, երրորդ որոշմամբ գույքը վերադարձվեց սեփականատերերին, քանի որ թեև կառուցապատողը վերցրել էր դրանք, սակայն դեռևս չէր օտարել։
Ասուլիսի ընթացքում քննարկվել է նաև այն հարցը, թե Կոնդ թաղամասի օտարումը կարող է հող նախապատրաստել ՄԻԵԴ դիմումների համար։ Ըստ Պետրոսյանի՝ կարելի է առանձնացնել երկու առանցքային խնդիրների առնչվող ՄԻԵԴ գործեր։
Առաջին խումբ գործերը վերաբերում են մինչև 2006 թ.-ը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության մասին» օրենքի ընդունումը կայացված որոշումներին, երկրորդ խումբ գործերով որոշումները կայացվել են օրենքի ընդունումից հետո։ Առաջին դեպքում օրենքի հիման վրա սեփականության օտարման Կոնվենցիայի պահանջը չի պահպանվել, որովհետև օրենք չի եղել. «Մեր Սահմանադրությամբ նախատեսված է եղել օրենքի հիման վրա սեփականության օտարում, սակայն Կառավարության որոշման հիման վրա է տեղի ունեցել»։ Երկրորդ խումբ գործերով քաղաքացիները վիճարկել են իրենց տրամադրված փոխհատուցման համարժեքությունը։ ՄԻԵԴ որոշումներից պարզ է դառնում, որ նույնիսկ շուկայական արժեքը և դրան ավելացված 15% արժեքը կարող են համարվել անհամարժեք։
Պետրոսյանը նաև արձանագրել է, որ այս ՄԻԵԴ որոշումը իր ազդեցությունը չի թողել պրակտիկայի վրա. «Ենթադրվում էր, որ օրենքում պետք է կատարվեն փոփոխություններ՝ ավելացնելով հավելյալ փոխհատուցումը ներառող բաղադրիչները, որպեսզի համարժեքությունը որոշելիս նկատի ունենան նաև այդ հանգամանքները։ 2021 թ.-ին նախագիծ շրջանառվեց՝ նախատեսելով անգամ ավելի լայն շրջանակ (ձեռնարկատիրական գործունեության ընդհատում, օտարման արդյունքում առաջացած հավելյալ ծախսեր և այլն), սակայն մինչ օրս որևէ առաջխաղացում չունենք»։
Խոսելով խնդրահարույց դատական պրակտիկայի մասին՝ Պետրոսյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ֆիրդուսի թաղամասին առնչվող Կառավարության թիվ 232-Ն որոշումը վիճարկվում է Վարչական դատարանում, սակայն դեռևս չկա որոշում. «Սա բավականին մտահոգիչ խնդիր է։ Այսինքն՝ կա որոշում, որի հիման վրա փաստացի կատարվում է օտարման գործընթաց, և արդեն մեծ մասամբ իրականացվել է։ Միևնույն ժամանակ այն որոշումը, որով այդ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, վիճարկման փուլում է»։ Այսինքն՝ եթե որոշվի, որ որոշումն անվավեր է, և գերակա հանրային շահ չի եղել, գործ ենք ունենալու անդառնալի իրավիճակի հետ, և ՄԻԵԴ գանգատների տեսանկյունից մեծ հոսք է լինելու։ Ըստ Պետրոսյանի՝ ակնհայտ է, որ նման գործերը պետք է հրատապության կարգով քննվեն, և չի կարող այս գործին զուգահեռ իրականացվել օտարման գործընթաց։