CivilNet-ի եթերում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գյուրջյանը դրական է գնահատել քրեական սանկցիաների խստացումը, քանի որ դրանք ուղղված են մարդու ընտրական իրավունքի պաշտպանության մեխանիզմների արդյունավետությանը․ «Ինչքան պատժաչափն ավելի ծանր է լինում, այնքան կանխարգելիչ գործառույթն ավելի լավ է աշխատում»,- ասել է նա։
Փաստաբանը կարևորել է այն հանգամանքը, որ որոշ պատժաչափեր հինգից դարձել են վեց տարի․ «Դրանով դարձել են ծանր հանցագործություն, և հնարավորություն է տրվում արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ լատենտ բնույթի հանցագործությունները բացահայտելու համար»։
Բանախոսն անդրադարձել է նաև դուրս մնացած մեկ փոփոխության։ Խոսքը կաշառք ստանալու համար անձին պատասխանատվությունից ազատելու մասին է, եթե նա տեղեկացնում է դրա մասին։ Համեմատելով ներկա օրենսդրության հետ՝ Գյուրջյանը նշել է, որ այժմ անձը կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե եռօրյա ժամկետում է հայտնում իրավասու մարմիններին։ Սա դարձնում է այդ դրույթը չգործող. «Ցանկացած կաշառքի բացահայտում մեծապես կախված է հենց կաշառք ստացող անձի հաղորդումից, իսկ այս պայմաններում սա արդյունավետ միջոց չի լինելու»։
Գյուրջյանը դրական է որակել նաև նոր հանցակազմերի ներդրումը, սակայն նշել, որ բռնության գործադրման մասով իրավակիրառ պրակտիկայում կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ կան տարբեր մեկնաբանություններ։
Հարցին, թե որքանով են բավարար իրավական համակարգի կարողությունները այս հոդվածները կյանքի կոչելու համար, Գյուրջյանն ասել է․ «Իրավական մարմինները ընտրական հանցագործությունների բացահայտման մասով մեծ հաջողությունների չեն հասել, և շոշափելի փոփոխություն չկա լավատեսական կանխատեսում անելու համար»։