Անդրադառնալով բուն գործընթացին՝ Պետրոսյանը շեշտել է, որ մասնագիտական հանձնաժողովը պետք է շատ ավելի շուտ ձևավորվեր՝ հաշվի առնելով նախ և առաջ այն, որ 2015 թ․-ի հանրաքվեն չի արտացոլել ժողովրդի կամքը․ «Ինքնին գործընթացի նախաձեռնումը բավականին ուշացած էր․ մասնագիտական հանձնաժողովը ձևավորվել էր 2020 թ․-ի փետրվարին, այնինչ կարող էր և պետք էր շատ ավելի վաղ ձևավորվել՝ հաշվի առնելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2015 թ․-ի հանրաքվեն չի արտահայտել ժողովրդի կամքը և անց է կացվել միջազգային չափանիշների կոպիտ խախտումներով, այնպիսի զանգվածային ընտրախախտումներով, որ ակնհայտորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա»։
Շարունակելով՝ Պետրոսյանը նշել է, որ սա արձանագրվել է թե՛ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի փորձագիտական, թե՛ մի շարք տեղական կազմակերպությունների զեկույցներով․ «Այսինքն՝ ինքնին հանրաքվեի արդյունքները լեգիտիմ բնույթ չեն ունեցել, և դա արդեն իսկ բավական էր այս գործընթացը հրատապ նախաձեռնելու համար»։ Համակարգային խնդիրներ են առկա նաև մարդու իրավունքների և կառավարման ձևի բաժիններում։
Անդրադառնալով դատական համակարգի արմատական բարեփոխման հարցին՝ բանախոսն ասել է․ «Ակնհայտ էր, որ հեղափոխությունից հետո օրակարգային խնդիր էր դատական համակարգում արմատական բարեփոխումների իրականացումը, և դա, մեր գնահատմամբ, անհերքելիորեն կարող էր իրականացվել միայն վեթինգի միջոցով։ Սա ևս չարվեց»։ Նա շեշտել է՝ հնչում էին փաստարկներ, որ գործող Սահմանադրության պայմաններում հնարավոր չէ իրականացնել վեթինգ՝ հաշվի առնելով ԲԴԽ որոշումների բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը, որը Սահմանադրությունից բխող խնդիր էր․ «Այս կապակցությամբ թեպետ մենք միանշանակ կարծում ենք, որ գործող Սահմանադրության պայմաններում ևս հնարավոր էր իրականացնել վեթինգ, առաջին հերթին՝ պայմանավորված այն հիմքով, որ ԲԴԽ-ն գործում է որպես դատարան։ Նույն ՍԴ 2019 թ․-ի որոշմամբ ևս այս հանգամանքը հաստատվեց, որ դատավորը, ըստ էության, օժտված է այն արդար դատաքննության բոլոր երաշխիքներով, որոնք ապահովում են նրա դատարանի մատչելիության իրավունքը»։ Ըստ Պետրոսյանի՝ այս տեսանկյունից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ խնդիր չէր առաջանա։ Այլ հարց է, որ լավագույն միջազգային չափանիշներին համահունչ կլիներ, եթե լիներ այդ հնարավորությունը, սակայն իրավական խնդիր իրենք չեն տեսել։ Այնուամենայնիվ, եթե առկա է եղել կասկած, հնարավոր էր օրենսդրության շրջանակներում ուղղակի ընդլայնել այն բոլոր դատավարական երաշխիքները, որ դատավորը պետք է ունենա ԲԴԽ-ում՝ ԲԴԽ-ի՝ որպես լիարժեք դատարան գործելու հնարավորությունն ապահովելու տեսանկյունից։
Պետրոսյանը նաև շեշտել է, որ կա հնարավորություն՝ Դատական օրենսգրքով սահմանել դատավորի անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ և իրականացնել վեթինգ․ «Մենք նաև առաջարկում էինք մինչ ԲԴԽ իրականացնելը նախնական գործընթացի իրականացում անկախ, բարձր հեղինակություն ունեցող անդամներից բաղկացած մարմնի կողմից։ Սրա եզրակացության հիման վրա ԲԴԽ-ն պետք է կայացներ որոշում։ Եթե խորհրդում ապահովվեր ամբողջ գործընթացի մրցակցայնությունը, միջնորդության պաշտպանության համար անհրաժեշտ երաշխիքները, հասարակության, ԶԼՄ-ների մասնակցությունը այս գործընթացին, հնարավոր կլիներ հասնել արդյունքի»։
Եզրափակելով՝ Պետրոսյանը նշել է․ «Եթե անգամ ընդունենք, որ վեթինգի գործընթացն անմիջականորեն կախված էր սահմանադրական փոփոխություններից, առավել ևս ակնհայտ էր, որ այս գործընթացը անհապաղ պետք է նախաձեռնվեր, և մինչ օրս անգամ պետք է ավարտված լիներ` լուծելով թե՛ սահմանադրական փոփոխությունների անցկացման հրատապ խնդիրը, թե՛ դատական համակարգային բարեփոխումների օրակարգային հարցը, որը հեղափոխության հաջորդ իսկ օրվանից իշխանությունների առաջ ծառացած համար մեկ խնդիրն է եղել»։