Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը (ԻԶՊՀ) ստեղծվել է 2018 թ-ի հունիսին՝ մեծամասամբ իրավաբանների կողմից։ Տևական ժամանակ միասին աշխատելով մարդու իրավունքների խթանմանն ուղղված ծրագրերի շրջանակում՝ նրանք որոշեցին մեկտեղել իրենց ջանքերը, ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել դրանց և կյանքի կոչել իրավունքի գերակայության հաստատման ուղղված իրենց ծրագրերը։

ԻԶՊՀ-ն աշխատում է երեք հիմնական ուղղությամբ՝ դատական համակարգ, մարդու իրավունքներ, ընտրություններ։ Հիմնադրամի գործունեության առանցքն են դատական համակարգի բարեփոխմանն ուղղված մոդելներ ձևակերպելը, օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի խնդիրները վեր հանելը և դրանց լուծմանն ուղղված առաջարկներ ներկայացնելը, ոլորտի կարգավորումների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին։ Անկախ գործունեության կոնկրետ ուղղությունից՝ մենք կարևորում ենք հետազոտահենք մոտեցումը, փաստերի, միջազգային չափորոշիչների և հայաստանյան համատեքստի համադրական վերլուծությունը և դրանից բխող առաջարկների մշակումը։ 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մասնակցել է ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքներին՝ համապատասխան աշխատանքային խմբի շրջանակներում։ Կազմակերպությունը «Ականատես» դիտորդական առաքելության անդամն է, որը դիտորդական գործունեություն է իրականացնում համապետական և տեղական ընտրությունների ընթացքում։ ԻԶՊՀ թիմը պատասխանատու է  առաքելության իրավական գործընթացների համար։ Կազմակերպության իրավաբաններն խորհրդատվություն են տրամադրում դիտորդներին, ապա և տարբեր ատյաններում՝ ընտրական հանձնաժողովներ, իրավապահ մարմիններ և դատարաններ, բողոքարկում դիտորդների կողմից հայտնաբերված խախտումները։

Կազմակերպությունը Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կատարումը մշտադիտարկող ՔՀԿ-ների խմբի անդամ է։

Շուրջ մեկ տարի է՝ ԻԶՊՀ-ն մասնակցում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակներում կատարվող փորձագիտական քննարկումներին։