2022 թ.մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու ընտրություն:
«Ականատես» դիտորդական առաքելության կողմից իրականացվել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։ «Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդը հետևել է նախըտրական քարոզչության ընթացքին և ուսումնասիրել ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, քաղաքական ուժերի և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդը տեղում աշխատել է ընտրական հանձնաժողովների, շտաբների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:
Ընտրությունների օրը առաքելությունը իրականացրել է շրջիկ դիտորդություն։ 2 շրջիկ խումբ դիտարկել են համայնքներում տիրող մթնոլորտը, այցելել են 22 ընտրատեղամաս, դիտարկել են համայնքապետարանի, գյուղապետարանների և կուսակցությունների շտաբերին հարող տարածքները։