Խոսելով գաղտնի տեղեկությունների մասին՝ Գյուրջյանը նշել է, որ, նախկին օրենսդրության համաձայն, մի շարք տեղեկություններ գաղտնագրվում էին, սակայն հետագայում ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այս կարգավորումը․ «Դրա արդյունքում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությամբ ցանկերը պետք է լինեն հրապարակային՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում կան անուններ, որ գաղտնի են: Արդյունքում ունենք իրավիճակ, երբ 90 տոկոս դեպքերում հենց այս պատճառաբանությամբ ցանկերը գաղտնագրվում են»:
Մեկ այլ խնդիր է տեղեկատվության վաճառքը. «Կան մի շարք օրենսդրական բացեր, որ թույլ են տալիս Կադաստրի կոմիտեին, Պետական ռեգիստրին, Ազգային արխիվին ուղղակի վաճառել բաց, չսահմանափակված տեղեկատվությունը այն հայցողներին»: Ըստ բանախոսի՝ սա ընդունելի չէ ժողովրդավարական հասարակությունում, և այս առումով պետք է կատարվեն լուրջ օրենսդրական փոփոխություններ՝ այն համապատասխանեցնելով տեղեկատվության ազատության օրենքին և միջազգային չափորոշիչներին:
Գյուրջյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության հասանելիության կարգավորումը՝ շեշտելով, որ այժմ սա կարգավորված չէ որևէ իրավական ակտով․ «Ունենք իրավիճակ, երբ հաշմանդամություն ունեցող անձը չի կարող տեղեկատվություն ստանալ իրեն հասանելի ձևով, այսինքն՝ պետական մարմինը ոչ կարող է մերժել հարցումը, ոչ էլ կարող է այն հասանելի ձևով ներկայացնել»:
Վերահսկող պատասխանատու մարմնի բացակայությունը տեղեկատվության ազատության ոլորտում էական խնդիր է, քանի որ ՄԻՊ-ը չունի այդ խախտումները վերացնելու ուղղությամբ պարտադիր որոշումներ կայացնելու լիազորություն, իսկ դատական վիճարկման առումով գործող կարգավորումները թույլ չեն տալիս արդյունավետ պաշտպանել այս իրավունքը, որովհետև չկա այս շուտ «փչացող» իրավունքը վերականգնելու հատուկ կարգ:
Առանցքային է նաև շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկությունների պրոակտիվ հրապարակման պարտավորության բացակայությունը պետական մարմինների և արդյունաբերող ընկերությունների համար. սա թույլ չի տալիս բարձր տեղեկացվածություն ապահովել բնակչության համար շրջակա միջավայրի աղտոտվածության և նման խնդիրների մասին։ «Կարծում ենք, որ նման պարտավորություն սահմանելու կարիք կա, որպեսզի դրանք զեկույցների և այլ հրապարակումների միջոցով հասանելի դառնան հանրությանը»,- ասել է Գյուրջյանը:
Մեծ նշանակություն ունի նաև բյուջեի հրապարակումը․ «Թեպետ օրենքը նախատեսում է, որ յուրաքանչյուր տեղեկատվություն տնօրինող պետք է հրապարակի իր բյուջեն, սակայն պարզ չէ, թե ինչ մանրամասնությամբ պետք է հրապարակեն այն, ինչպես նաև չկա պարտավորություն բյուջեի կատարողականի հրապարակման վերաբերյալ»: