Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

19.07.2021

ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությամբ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը հնգապատկվել է եւ նախկին 50.000 դրամի փոխարեն դարձել է 250.000 դրամ:

Օրենքի նախագծում այդ փոփոխությունը հիմնավորվում է պետության՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ եւ ըստ այդմ՝ Ազգային ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի ընդլայնմամբ: Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների եւ լիազորությունների պատշաճ իրականացմանը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս եւ քաղաքացիներս, վերլուծելով այս փոփոխությունն ու դրա հրապարակված հիմքերը, հայտարարում ենք.

Ա. Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված հնարավոր ծախսերի չափի ավելացումը (ինչպես եւ նախկինում նախատեսված 50.000 դրամ գումարը) պատշաճ հետազոտված եւ ուսումնասիրված չէ, առաջարկն արվել է կարիքի մասնավոր եւ կամայական գնահատականի հիման վրա:

Բ. Այսպիսի ավելացումը այս ձեւով իրականացնելը եւ ապա բյուջեի միջոցները այդ նպատակով հնգապատիկ առավել ծախսելը ռիսկային են արդյունավետության եւ կոռուպցիայի տեսանկյունից:

Գ. Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներից վերոհիշյալը համարելով ոչ հրատապ, բայց կարգավորման համար կարեւոր, պնդում ենք, որ իշխանությունը երկրի համար այս բարդ եւ ծանր ժամանակահատվածում պարտավոր է հանրային հաշվետվողականության բարձր մակարդակ ապահովել, հանրային վստահությունը չչարաշահել եւ լրացուցիչ խնդիրներ չհարուցել:

Այս ուղերձով, դիմելով ԱԺ այս գումարման եւ հաջորդ գումարման խորհրդարանին եւ յուրաքանչյուր պատգամավորի, առաջարկում ենք վերանայել կատարված փոփոխությունը հաշվի առնելով հետեւյալ պայմանները.

Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցումը.

  • չի կարող լինել բոլոր պատգամավորների համար համահավասար, որովհետեւ պատգամավորները, կաշկանդված չլինելով հրամայական մանդատով, ազատորեն են իրականացնում իրենց լիազորությունները եւ, ենթադրաբար, իրենց պարտականությունները կատարելու համար ծախսում են տարբեր չափերի դրամական միջոցներ:
  • չի կարող լինել օրենքով հաստատված գումարի չափով, այլ պետք է լինի այնքան, որքան ծախսում է պատգամավորը իր պարտականությունները կատարելու համար: Միաժամանակ պետք է լինի ամսական ծախսերի առավելագույն չափ:
  • պետք է լինի կատարված ծախսերը հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի հիման վրա, այդ թվում՝ գնումները վկայող ՀԴՄ կտրոնների, պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, եւ այլն:
  • պետք է լինի 3-րդ կետում հիշատակված ծախսի/ֆինանսական փաստաթղթերի եւ պատգամավորական գործունեության նպատակի հիմնավորմամբ, ինչից հստակ կլինի, թե որ ծախսը ինչ գործողության համար է իրականացվել:
  • պետք է լինի ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափով, այլ այնքան՝ որքան հիմնավոր է այս առաջարկության 3-րդ եւ 4-րդ կետերի պարտադիր համակցությամբ:
  • պետք է ներառի միայն այն ծախսատեսակները, որոնք կսահմանվեն օրենքով: Օրինակ՝ տրանսպորտային ծախս, բենզինի ծախս, ներկայացուցչական եւ այլն, եթե այդ ծախսերը չեն կատարվում ԱԺ բյուջեի միջոցներով: Այդ ծախսերը չեն կարող ներառել պատգամավորների հնարավոր անձնական բարեգործական ծախսերը․
  • պետք է լինի պատգամավորի բարեխղճության, պարտաճանաչության, բարեվարքության եւ ծախսերի ու ըստ այդմ կատարված գործողությունների ողջամիտ համակցվածության դեպքում:

Վերոհիշյալ դրույթները պետք է արտացոլվեն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում եւ փոփոխվեն միայն օրենքով:

Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպությունների համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնում հանրային շահի գերադասմամբ, անվարձահատույց կերպով փորձագիտական օժանդակություն ցուցաբերել իշխանություններին վերոհիշյալ խնդրի լուծման համար: Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովի արձագանքն այս ուղերձին:

Ներբեռնել

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

08.02.2022
Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։

Ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

06.01.2022
2022 թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: