Շրջանառվող նախագիծը որևէ առնչություն չունի վեթինգի հետ․ նման կարծիք է արտահայտել Պետրոսյանը բանավեճի ընթացքում։ Բանախոսը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով վեթինգից հրաժարվելուն, նշել է, որ դա տեղի է ունեցել միջազգային և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ կոնսենսուսի արդյունքում․ «Այս փաստական տվյալը, որ տեղ է գտել կարծիքում, իրականությանը չի համապատասխանում, որովհետև քաղաքացիական հասարակությունը նման պահանջ չի ներկայացրել։ Ընդհակառակը, 2019 թ․-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ որպես օրակարգային հարց բազմաթիվ կազմակերպություններ բարձրացրին վեթինգի՝ որպես անցումային արդարադատության գործիքի անհրաժեշտությունը։ Թե՛ մեր կազմակերպության, թե՛ մի շարք այլ կազմակերպությունների գնահատականն այն է եղել, որ դատական համակարգի անկախության, այդտեղ առկա կոռուպցիոն երևույթների, դատարանների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակի հետ կապված խնդիրները լուծում ստանալ կարող են միայն համապարփակ վեթինգի միջոցով»։
Այս նախագծում կան այնպիսի կարգավորումներ, որոնք սպառնալիք են դատավորների անկախության տեսանկյունից․ «Սովորական պայմաններում նման գործիքակազմը, որը բավական լայն հայեցողություն է նախատեսում թե՛ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, թե՛ գնահատման համակարգում նախատեսված չափանիշների տեսանկյունից, բնականաբար, չի կարող համարվել ընդունելի և թույլատրելի»,- ասել է Պետրոսյանը։ Ի տարբերություն դրա՝ վեթինգի շրջանակում կարող են կիրառվել բավական կոշտ և հետադարձությամբ աշխատող գործիքներ, որոնց նպատակը կլինի ամբողջ դատական համակարգի վերագնահատման իրականացումը, և այդուհետ կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ սահմանափակեն հայեցողությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ որպես նրանց անկախության երաշխիք։
Անդրադառնալով Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կազմին՝ Պետրոսյանը նշել է, որ դրական է ոչ դատավոր անդամների ներգրավման նախաձեռնումը, սակայն եթե միայն երկուսն է իրավաբան-գիտնական՝ առաջադրված ՀԿ-ների կողմից, ապա դա էական ազդեցություն չի ունենալու որոշումների կայացման հարցում։