Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կախված են քաղաքական կամքից

21.03.2021

Թեև հայտարարությունը չի անդրադառնում ընտրական օրենսդրությանը, սակայն շրջանառվում է թեզը, որ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքական ուժերին և ընտրական համակարգին անհրաժեշտ է 6 ամիս ժամանակ՝ նոր կանոններով ընտրությունների պատրաստվելու համար, հետևաբար՝ առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքով։

Միաժամանակ, նշվում է, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների համար անհրաժեշտ է «կոնսենսուս» Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների միջև։

Վերոնշյալ երկու թեզերը բխում են Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների վերաբերյալ լավ պրակտիկայի կանոնագրքի» դրույթներից, սակայն երկուսն էլ մեջբերվում են ձևապաշտական մոտեցումով և մեկնաբանվում հայեցողաբար։  Այս առնչությամբ՝ հարկ է արձանագրել հետևյալը.

1.           Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար առաջարկվող ժամկետն անհրաժեշտ է ընտրական օրենսդրության կայունության, այդ փոփոխությունների կանխատեսելիության ու նոր կանոններով ընտրություններին նախապատրաստվելու առումով։ Կարևոր է հիշել, որ Ընտրական օրենսգրքի առավել արմատական փոփոխությունները եղել են 2018թ. հեղափոխության մասնակից ժողովրդական լայն զանգվածների օրակարգային առաջնահերթությունը, ինչով պայմանավորված՝ դրանց վերաբերյալ քաղաքական քննարկումներ են սկսել ծավալվել դեռևս 2018 թվականի ամառվանից և ձեռք են բերվել որոշ փոխադարձ համաձայնություններ, թեև դրանք չի հաջողվել ընդունել տվյալ տարվա վերջին կայացած ընտրություններից առաջ: Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ ներկայում առաջարկվող փոփոխություններն էլ, իրենց հերթին, բազմիցս՝ 2020 թվականի օգոստոսից սկսած, ներկայացվել և քննարկվել են շահագրգիռ հանրության շրջանակներում՝ աննախադեպ ներառական և թափանցիկ գործընթացներով: Բացի այդ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է, որ փոփոխվող դրույթներն ուժի մեջ են մտնում աստիճանաբար: Այսինքն, առավել արմատական և քաղաքական փոփոխություններն՝ անմիջապես, իսկ ընտրական համակարգի նախապատրաստում պահանջող լրացուցիչ տեխնիկական ու ընթացակարգային պահանջները՝ ժամանակի ընթացքում։ Եվ վերջապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական խորը ճգնաժամ է, որի պայմաններում լավագույն պրակտիկաներին առնչվող ընդհանրական խորհուրդները չեն կարող անբեկանելի համարվել: Առավել ևս այդպիսի նախադեպ Հայաստանում արդեն եղել է 2018 թվականին, երբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրախախտումներին առնչվող դրույթները ընդունվել և ուժի մեջ են մտել սեպտեմբերի 7-ին՝ անմիջապես Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, իսկ 2018թ հոկտեմբերի վերջին քվեարկության էր դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Փոփոխությունները չընդունվեցին, սակայն ինքնին դրանց ներկայացնելու և ընդունումից անմիջապես հետո ընտրություններ անցկացնելու հեռանկարի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել որևէ բացասական անդրադարձ:

2.           Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջև «կոնսենսուսի» հասնելու անհրաժեշտության մասին պնդումներին, հարկ է արձանագրել, որ ներկայիս ժամանակահատվածում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կոնսենսուսը հնարավոր չէ հենց քաղաքական պատճառներով, քանի որ որոշ կուսակցություններ  նախընտրում են իշխանության հասնել ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իսկ ուրիշները՝  փողի, քրեական ազդեության կամ վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով: Գործող օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխանական լծակներին այդ վերջին ճանապարհով հասնելու, հետևաբար Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումը՝ դիրքորոշում է նաև այդ երևույթների հանդեպ: Իրականում, Հայաստանի Հանրապետությունում առկա է շատ ավելի լայն՝ ժողովրդական, քաղաքացիական ու քաղաքական զանգվածների համակողմանի կոնսենսուս Ընտրական օրենսգիրքը փոխելու առումով: Սրա մասին վկայում է, այն, որ.

             Ընտրողների լայն զանգվածների և քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջը դրսևորվել է 2018թ. հեղափոխության օրերին,

             Ընտրական օրենսգրքի կարևորագույն կետերի (օրինակ՝ ընտրակարգ, անցումային շեմ, մանդատների բաշխում և կոալիցիաների ձևավորման ժամկետներ) շուրջ արդեն իսկ կայացել են քաղաքական քննարկումներ 2018թ.-ին, և ստացվել է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համաձայնությունը,

             Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված՝ վերջին ներկայացուցչական սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևորվում է Հայաստանի բնակչության 74 տոկոսի կողմից,

             Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջին միացել են 30-ից ավել կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ,

             արտահերթ ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխություններով իրականացնելը կարևորագույն խնդիր են համարում գաղափարախոսությունը կարևորող կուսակցությունները:

Սույնով վերահաստատում ենք 2021թ մարտի 16-ի մի շարք կազմակերպությունների կողմից արտահայտված դիրքորոշումը, և արձանագրում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելը հիմնականում կախված է իշխող կուսակցության քաղաքական կամքից, պետության ու սեփական ժողովրդի առաջ պատասխանատվությունից և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմությունից:

«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Ուղղակի ժողովրդավարություն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ»

 

Ներբեռնել

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին

08.02.2022
Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։

Ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց

06.01.2022
2022 թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: