«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

11.11.2021

29.07.2021թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը[1] (այսուհետ՝ նաև Նախագիծ)՝ հեղինակած ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից, որով առաջարկվել է օրենքը լրացնել գույքի սեփականատիրոջը օտարման արդյունքում պատճառված «այլ վնասները» հատուցելու հնարավորություն ստեղծող իրավակարգավորումներով: Մասնավորապես առաջարկվել է նախատեսել այնպիսի վնասների հատուցման հնարավորություն, որոնք կարող են ներառել եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը:

 

Նախագիծը հեղինակի կողմից հիմնավորվել է առաջին հերթին ՄԻԵԴ կողմից ՀՀ դեմ կայացված վճիռներով։ Խոսքը հատկապես «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի մասին է, որով դատարանն արձանագրել է գործող օրենսդրությունում առկա այն խնդիրը, համաձայն որի՝ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ չհամարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկվելու դիմաց։ Որպես հիմնավորում ներկայացվել են նաև մի շարք միջազգային կազմակերպությունների կատարած հետազոտությունները և օտարերկրյա փորձը[1]:

02.12.2022թ․ ՀՀ Կառավարություն և հեղինակին ենք ներկայացրել նախագիծը լրամշակելու մասին առաջարկություն, մասնավորապես առաջարկել նախագծով նախատեսել անցումային դրույթ և կարգավորմանը տալ մասնակի հետադարձություն՝ տարածելով այն նաև նախագծի ընդունման պահի դրությամբ դատարաններում քննվող գործերի վրա։ Նշված առաջարկության վերաբերյալ ստացել ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Ե.Կիրակոսյանի գրությունը, համաձայն, որի դրանք ընդունվել են ի գիտություն։

Նախագիծը հրապարակումից հետո հետագա հրապարակային շրջանառություն չի ունեցել։

Այդուհանդերձ Հիմնադրամի կողմից խնդրի առարկա հարցի կապակցությամբ իրականացված հետագա հետազոտությունը ի հայտ է բերել լրացուցիչ օրենսդրական բացեր։

Առաջարկություններն ու վերլուծությունն ամբողջությամբ կարդալու համար ՆԵՐԲԵՌՆԵՔ փաստաթուղթը։


Ներբեռնել