12.08.2022թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից քննարկման է ներկայացվել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է էականորեն սահմանափակել փաստաբանների և նոտարների հասանելիությունը կադաստրային տեղեկություններին՝ փաստաբանների համար նման հնարավորություն թողնելով բացառապես հարցման պահին գույքի սեփականատեր հանդիսացող անձի կողմից տրված նոտարական վավերացմամբ համաձայնություն ունենալու դեպքերում։
Գտնում ենք, որ Նախագիծը զուրկ է պատշաճ հիմնավորումից և շոշափելի ռիսկեր է պարունակում ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով հռչակված՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և, կոնկրետ դեպքում որպես դրա հետևանք, Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորության տեսանկյունից։
Առաջարկվող իրավակարգավորումն ընդունվելու պարագայում անկասկած անդրադառնալու է Հայաստանի Հանրապետությունում անձանց մատուցվող իրավաբանական ծառայությունների արդյունավետության և որակի վրա։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը (18-րդ հոդվածի 3-րդ մաս), ընդգծելով փաստաբանների դերը ՀՀ-ում պրոֆեսիոնալ և որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու ոլորտում, սահմանում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության մատչելիության ապահովման գործիքները լրացնող դրույթներ, մասնավորապես՝ նախատեսում է փաստաբանների իրավունքը դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով և վերջիններիս պարտականությունը փաստաբանին տրամադրելու պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Այս իրավունքի իրացումը գործնականում իրագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ հնարավորություն տալով փաստաբաններին ստանալ իրենց վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ ոչ միայն ՀՀ կադաստրի կոմիտեից, այլ նաև Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, Ճանապարհային ոստիկանությունից, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից։
Նախագծի հեղինակը այն հիմնավորելու համար նշում է, որ « (․․․) փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Վստահորդի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում փաստաբանը համապատասխան հարցումը կարող է կատարել լիազորագրի հիման վրա:»։
Այսպիսով նախագծի հեղինակն, այսպիսով, հաշվի չի առել այն պարզ իրողությունը, որ վստահորդի շահերը պաշտպանելու համար միշտ չէ, որ փաստաբանին անհրաժեշտ է հարցում կատարել հենց այն գույքի վերաբերյալ, որի նկատմամբ գրանցված է իր վստահորդի որևէ գույքային իրավունքը (ինչպիսի պայմաններում միգուցե հիմնավոր կլիներ լիազորագրի հիման վրա նման հարցում կատարելու պահանջը)։ Ճիշտ հակառակը՝ տրամաբանական է, որ վստահորդի շահերի պաշտպանության նպատակով ավելի հաճախ ծագում է փաստաբանի կողմից այլ անձանց (այդ թվում պոտենցիալ դատավարական հակառակորդի) գույքի/գույքային իրավունքների վերաբերյալ հարցումներ կատարելու և տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը։ Ավելին՝ գործնականում բազմաթիվ են իրավիճակները, երբ վստահորդի շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել մահացած անձանց գույքի/գույքային իրավունքների վերաբերյալ տեղեկություններ և այդ պարագայում ևս անհասկանալի է, թե ինչպես է Նախագծի հեղինակը պատկերացնում անձանց իրավունքների իրացման մեխանիզմը։
Ընդ որում, այս հարցերն առավել ակտուալ են այն պայմաններում, երբ հենց այդ հարցումներին ի պատասխան ակնկալվող տեղեկատվությունն է, որ կարող է ստեղծել փաստական հիմքեր և հնարավորություն փաստաբանի վստահորդի իրավունքների դատական պաշտապանության գործընթաց նախաձեռնելու համար։ Իսկ քննարկվող գործիքի չեզոքացումը կբերի մի իրավիճակի, երբ անձինք բազմաթիվ դեպքերում պարզապես չեն ունենալու հնարավորություն ձեռք բերելու իրենց իրավունքների խախտման փաստական հիմքերը և որպես հետևանք իրացնելու իրենց դատական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու, արդար դատաքննության հիմնարար իրավունքները և իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով դիմելու դատարան։
Հիմք ընդունելով նշված հիմնավորումները՝ առաջարկում ենք շրջանառությունից հանել Նախագիծը/դրա՝ փաստաբանների իրավունքի սահմանափակմանը վերաբերող մասը։